Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամեն մեկ պոռթկումին մեջ, հոն, վճարող ու ծափահարող հասարակության մը աջև բանաստեղծը կաթիլ կաթիլ կը ծյուրի, հոգվույն կրակը կը շիջանի։ Ան անտրտունջ և հեզահամբույր է Երկինքեն իրեն պարտադրված ճակատագրին առջև, բավական է, որ բեմին վրա կատարվող հուզիչ ու կրթիչ ողբերգություններուն ի տես՝ հասարակությունը ազնվանա, կապվի ազգային Ամբողջականության մը մեծ իտեալին հետ․ հավատքը ունենա հայկական հանճարներու իրականության վրա, ու բոլոր քինահույզ աչքերը, ու բոլոր չարակամ ձեռքերը միահաղույն մեկ տեսարանի ուղղվին, միահաղույն մեկ Առաքինության ծափահարեն․

Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբայր եմք մեք:

Մեծ բանաստեղծը չբավականացավ իր անջատ անջատ ճիգերով այժմ պետք էր համադրել ցանած սերմերը և տալ անոնց դրական հողի վրա կենդանի ուռճացում և ահա խելահեղորեն փարեցավ ան Համազգյացի հաստատության։ Համազգյացը. սա իր տենչանքներուն տենչանքն էր, իր ամենեն ավելի գգված նպատակը։ Մեկ Միության մեջ տեսնել բոլոր հատփածները եղբայրացած, ընդմիշտ առաթուր կոխկրտված շահադետ ձեռքերով ցանված որոմը, տեսնել ամենքը մեկ իտեալի օճախին շուրջ հավաքած, անոր բոցովը տաքցած ու խանդավառված․ ասիկա ամբողջ մարմնացած Երազը եղավ մեծ բանաստեղծին․ ու այլևս համազգյացի Ոգին էր ան, մագնիսաձույլ կոթողն էր, որ իրեն կը ձգեր բոլոր անդամները և հետո բոլոր վարանողներն ու երկբայողները, ու ինչ որ ինք իր հմայքովը կը շահեր, այդ ապահովված շահն էր նույն ինքն համազգյացին, կամ ուրիշ բառով Համազգային Միության։

Եվ հետո իր քնա՜րը, — ո՞վ պիտի կրնա պատմել ա՞յն անկեղծ շունչը, որ տաքցուր ու էլեկտրացուց անոր լարերը։ Իր ամեն մեկ քերթվածը Սեր բուրեց, ամեն մեկ ոտանավորը տրտմաթախիծ նոճիի մը սլացիկ մենությունը ունեցավ, որուն կատարը ամենեն առաջ կը բռնկի արշալույսին առաջին բոցերեն։ Ես կը լռեմ ու կը խոնարհիմ իր քնարին լույսին առջև։