Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

26. <ՀՈՐԴՈՐՆԵՐ ՍԿՍՆԱԿՆԵՐՈԻՆ>

Ա դաս

Գրելու ձիրքը

Հարց. — Պե՞տք է գրել, երբ այնքան գրողներ կան արդեն։ Պե՞տք է քաջալերել նաև անտաղանդները։

Պատ. <ասխան>. — Ճիշտ է որ գրելու ախտին դեմ պայքարելը անհրաժեշտություն մըն է, սակայն բանի մը զեղծումը պատճառ մը չէ, որ այդ բանը գեշ ըլլա։ Մենք գրել կսորվեցնենք նախ, որպեսզի այդ արվեստը լավ կիրարկեն, և ով որ լավ կիրարկե՝ ստիպված է արդեն քիչ գրել։ Երկրորդ մարդիկ անպատճառ հրատարակելու համար չէ, որ պիտի գրեն, այլ իրենց անձնական հաճույքին համար․ ու մանավանդ լավ գրելը կարևոր է լավ մատենագիրները դատելու համար։

Հարց. — Սակայն ի՞նչ օգուտ ունին այդ խորհուրդները, երբ գրելու համար անհրաժեշտ է երևակայություն ունենալ։

Անոնք, որ երևակայություն չունին, ինչպե՞ս ոճ պիտի ունենան։

Պատ. — Ոճ մը կա, որ գաղափարներու ոճն է, վերացական, չոր, վճիտ և ճիշտ․ ասոր համար անհրաժեշտ չէ երևակայությունը․ Եղնիկը այս ոճով գրած է իր «Եղծ աղանդոց»—ը, Շիրվանզատեն նույնպես այս կաղապարին մեջ ձուլած է իր թատրերգությունները․ և ասոնք անմահ գրողներ են։ Ուրեմն ամեն ոք իր անձնական կարողության համեմատ կրնա լավ գրել. ոմանք կրնան պատկերավոր, գունագեղ հատորներ արտադրել, ուրիշներ վերացական և ճշգրիտ էջեր տալ։

Ո՞վ որ էջ մը լավ կրնա գրել, կրնա նաև տասը տող ու հատոր մը գրել։

Հարց. — Ուրեմն ի՞նչ է գրելու ձիրքը։