Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բագրատունին կատաղի ընթերցող մը եղած է Աստվածաշունչին և Հոմերոսին։

Թովմ․ Թերզյան, Գրիգոր Օտյան, Ռ. Պերպերյան Վ. Հյուկոյի անխոնջ ընթերցողները ճանչցված են։

Եղիշե եպիսկ․ Դուրյան և Արփիար Արփիարյան իրենց ոճը մեծ մասամբ Ռընանի ընթերցումին կը պարտին։

Ս. Շահազիզ, Ռ․ Որբերյան Պայրընի կաղապարին մեջ կազմավորած են իրենց գրելու և նույնիսկ խորհելու եղանակը։

Ավ. Իսահակյան և Հովհ․ Թումանյան կարդացեր են գրեթե բոլոր աշուղներն ու ժողովրդական երգերը։

Ատոմ Յարճանյան կը խոստովանի, թե իր թելադրիչ Հեղինակներն են Նարեկացին և էմիլ Վերհառն։

Հարց. — Որո՞նք են ընթերցումին առավելությունները։

Պատ. — Նախ կօգնե մեր զարգացման և կարծարծե մեր ներշնչումը։

2․ Ընթերցումե մը վերջ շատ անգամ մարդ կզգա իր գրական կոչումը, վասնզի իր միտքը կը բացվի և կը տեսնե շատ մը աղբյուրներ, որոնցմե կրնա խմել։

3․ Ընթերցումը կը ցրե ամլությունը, կը դրդռե իմ արականությունը և ասպարեզ կը բանա երևակայության։

4. Ընթերցումը միջոց մըն է ներշնչումը գտնելու։ Գրագետներ կան, որ մեծ հեղինակե մը առանց բան մը կարդալու չեն սկսիր աշխատիլ։

Հարց. — Ի՞նչ հեղինակներ նախ պետք է կարդալ, գրել ուսանելու համար։

Պատ. — Որչափ կարելի է ամենեն լավ հեղինակները կարդալու է։ Մասնավորապես այն հեղինակները, որոնք ամենեն ավելի մոտ են մեր հակումներուն և զոր կրնանք յուրացնել, վասնզի կան հեղինակներ, զոր դյուրավ կը յուրացնենք, և ուրիշներ, որ չեն յուրանար։

Ձեր առաջին քայլերուն պետք չեք կարդալ ոչ նարեկացին, ոչ Տիրան Չրաքյան և Եղիա Տեմիրճիպաշյան, ոչ Միսաք Մեծարենց և Սիամանթո, ոչ Թլկատինցին և Լևոն Սեղբոսյան։

Թլկատինցիին և Մեծարենցին ոճը աննմանելի են, մյուսներունը լեզվի և արվեստի տեսակետով այնքան անձնական, ոչ