Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. ՊՏՈԻՅՏ ՄԸ ՄԵՐ ԴԱՍԱՐԱՆԻՆ ՇՈԻՐՋԸ

Է՜հ, կանուխ է. տակավին ոչ ոք եկած է դպրոց։ Մայրս զիս աճապարեց, երբ հակառակ իմ սեփական գլխուս՝ ուրիշի խորհուրդներուն հետևիմ՝ ահա՜ միշտ այսպես ձախորդության ծուղակը կիյնամ...

Հոս՝ մենության մեջ ի՞նչ ընեմ... Պարտե՞զ իջնամ. պըռ՜ռ, ցուրտ է... Չէ՛, պիտի չձանձրանամ. դասարանիս շուրջը այցելություն մ՝ընեմ. քննեմ առարկաները փիլիսոփայի մը նման.․․ Ո՜հ, քանի՜ հիասքանչ է մտքիս այս հեղինակությունը․ կարծես գլուխս հիդրա մ՝է, եթե իրմե միջոց մը պակսի՝ մեկեն ուրի՜շ մը կստեղծե նա․..։

— Քեզմե սկսիմ նախ, դո՜ւռ։ Դո՜ւ, որ անցք մը ինծի կը շնորհես, դեպի ուսումն և կրթություն, և բացումովդ՝ հաջող կյանքի մը դռան բացումը կը խոստանաս՝ որքա՜ն սիրելի ես ինծի, մանավանդ, այն ժամերուն մեջ, երբ սիրած ուսմանս վարժապետը կընդունիս․ բայց հակառակ պարագային սրտաթունդ ակնարկներով քեզ կողջունեմ։ Սև գլխարկ մը, անգղեական ցրտկեկ և նիհարկեկ դեմք մը, երբ ապակիեդ կը նշմարեմ, հոգիս վեր ու վար կըլլա, և հուսահատի վերջին աչք մ՝ալ կուտամ գրքիս... Ներվի՜ բնությանս այս պզտիկ մեղքն.․.։

Պատուհանք. — Առտվան թարմ լույսը և վերջալուսի մարմըրող շողերը կուտաք ինծի։ Դպրոցականի գունատ դեմքեր ձեր կուրծքին կը նային ու կը ժպտին․ ազատության մեռած գաղափա՜րը կը կենդանացներ անոնց և բնության գեշի և հրճվանքի հմայքը կուտաք։ Օրհնյալ ըլլաք դուք՝ որ տկար աչքերու արև ու լույսը կը շնորհեք և մաշած թոքերու (Ադրիականի) զեփյուռը...

Ժամացույց և օրացույց. — Ձեր հարգը ա՜լ պիտի գիտնամ։ Ո՜վ ժամացույց, թո՜ղ այլևս աչքերս ձանձրույթով քեզի