Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պասական և հանդուգն են, որ կարդալով կրնաք անբնականին և խրթինին մեջ իյնալ։

Դարձյալ ձեզի չեմ հանձնարարեր, որ կարդաք ազգ. երգերը, որոնք ձեզ տափակության ու հռետորության մեջ կը ձգեն։ Այս բոլորին ընթերցումը կրնաք վերջը թողուլ։

Նախ պետք է սկսիք կարդալ ինչ որ պարզ է, դասական, անկեղծ և ճշդության ու պայծառության օրինակ։

Կարդացեք հաճախակի Հոմերոս և Վերգիլիոս նախ ընտրելով Հ․ Ա. Ղազիկյանի թարգմանությունները։ Այդ հանճարներու մեջ կը գտնեք բոլոր գրական դպրոցներուն և ներշնչումներուն խտացումները, որոնց մեկուն ինքնաբերաբար պիտի հետևիք։

Կարդացեք նույն թարգմանչին Օսիան մաքուր արձակի և թելադրիչ ու գունագեղ ոճի իբրև նմուշ։ Կարդացեք Ռ. Զարդարյանի «Ցայգալույսը»՝ վարժելու համար գիտող նկարչագեղ ոճի նրբություններուն։

Կարդացեք Ա. Չոպանյանի, Ա. Ահարոնյանի, Եղիշե եպիսկ. Դուրյանի Ներդաշնակ և հոսանուտ արձակները, ինչպես նաև Սրբուհի Տյուսաբի «Մայտան», որ իր կտրուկ նախադասություններով ամենեն շուտ յուրանալի ոճն է․ բայց միշտ զգույշ եղեք իր կարգ մը գրաբարախառն ձևերեն և ասացվածքներեն։

Կարդացեք մեր քերթողներեն Մկ․ Պեշիկթաշլյան, Թովվաս Թերզյան, Ռ․ Որբերյան և հետո միայն՝ Պետրոս Դուրյան և Ալիշան։

Ամենեն ավելի իբր ոճաբան կը հանձնարարեմ ձեզի արձակագիրներեն Եղիշե եպիսկ․ Դուրյան, Ռ. Զարդարյան և Ա․ Չոպանյան (այս վերջինս այն առավելությունը ունի մասնավորապես, որ ձեզի անմիջապես կը հայտնե իր գրվածքին հատակագիծը):

Թերթողներեն հանձնարարելի են (բացի Եղիշե եպիսկ․ Դուրյանեն, որ իր ոտանավորներուն հյուսվածքին գաղտնիքը իրեն միայն ծանոթ է) Մկ. Պեշիկթաշլյան, Ռ. Որբերյան և մասնավորապես Թովմաս Թերզյան իբրև քաջ ոճագետ։

Հարց. — Ինչպե՞ս պետք է կարդալ։