Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարց. — Բառերն ի՞նչ հարաբերություն ունին ոճին հետ։

Պատ. — Ոճը բառերուն ճիշդ իմաստը ըմբռնելու և անոնց իրարու հետ ունեցած աղերսը գիտնալու արվեստն է։

Մեկը կրնա բառարանի բոլոր բառերը գիտնալ ու դարձյալ չկրնալ երկու նախադասություն գեղեցիկ կերպով քովեքով բերել, վասնզի խնդիրը բառերը գործածելուն մեջ չէ միայն, այլ անոնց նրբությունները, պատկերները, զգայնությունները իրարու հետ պատշաճեցնելուն մեջ։

Կի տը Մոփասան կըսե․ «Բառերը հոգի մը ունին, պետք է գտնել այդ հոգին»:

Տանք քանի մը օրինակներ․

«Լուսինը հոգիիս վրա կը ձյունե» (Սիամանթո)։

Ահա բառ մը բոլորովին նոր առումով, որ զմայելի պատկեր մը կը գծե։

Ուրիշ օրինակ մը նույն հեղինակեն․ «Ցեղիդ սուգը սրտիդ մեջ կը հոսի»:

..․Արեգակին մահեն առաջ ձեր սեմերեն ներս մտեք, և անդորրությամբ փակեցե՜ք դավաճան փեղկերը ձեր պատուհաններուն»։

Ուշանալ բառը սովորական բառ մըն է, բայց տեսեք ինչպի՜սի պատկերի մը կը փոխվի տիկ․ Զ․ Եսայանի գրչին տակ․ «Մեռնողներուն թիվը շատ մեծ էր, բայց անոնք, որ դեռ կուշանային մեռնելու, կը ներկայացնեին նույն պատկերը»։

Հանգչիլ բառը պարզ բառ մըն է, բայց երբ չհանգչող իրի մը հետ գործածեն, մոգական իմաստ մը կառնե։

Հեռավոր բլուրներուն վրա լուսինը կը հանգչեր» (Շաթոպրիան):

Ա․ Չոպանյանի հետևյալ տողերուն մեջ տեսեք վերադիրները ինչպի՜սի լայն, նոր ոգի մը կստանան.

«Ու դեռ քանի՜ դեմքեր մետաքսն բամբիշներու, պղնձե դյուցազներու, խունկե մարգարեներու ու կրակե քերթողներու, որ քու (հայ լեզվին) ծփանքներուդ մեջ իրենց երազը հայելիացուցին»: