Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆրանսերեն թարգմանությունը Լըգոնդ Լիլի կողմե և հայերեն թարգմանությունը՝ Հ․ Ա․ Ղազիկյանի կողմե։

Տանք գեղեցիկ ոճով գրված մեկ-երկու կտորներ․ «Այդ շունե՜րը, որ իրենց բոլոր նախահայրերու և անոնց սերունդով միևնույն այդ քարերուն վրա ծնած, սնած ու մեծցեր էին՝ կը մնային տեր ամբողջ թաղին։ Անոնցմե ոմանք իրենց հատուկ անուններն ունեին՝ Թալո, Քոմո, Կյումիշ, Աալո, մկրտված միշտ մանուկներու կողմե անոնց լակոտ վիճակներուն մեջ և որոնք առանձին բարեկամությամբ մը կապված միշտ փոխադարձաբար, շատ անգամ մեկ դռան վրա խաղընկեր եղած են, մեկտեղ ապրած ու կատակած՝ սրտառուչ միամտությամբ։ Չար չեն, ոչ ալ խածան, հեզ, սակավապետ, քոսոտ ու շատ չքավոր, մանավանդ ծույլ։ Տե՜ր Աստված, չորս ոտքերնին երկարած, շատ հեղ պոչերնուն անդամ տիրություն ընելու անտրամադիր վիճակի մեջ՝ շուքի մը տակ կընկողմանին ու կը խորդան․ քար նետես՝ տեղերնուն չեն շարժիր․ եթե վերջապես անոթությունը քիչ մը անտանելի դառնա՝ կը մոտենան աս կամ ան տանը՝ ծանոթի երևույթով ու կողկողագին դեպի ներս կը նային, գետինը կը լզեն, պոչերնին կը շարժեն, կը հոտվըտան երեխաներու ձեռքը ու եթե պատեհությունը բարեդեպ ըլլա՝ քանի մը քայլ կառնեն դուրսի դռնեն ներս, կտոր մը հաց կամ ոսկոր մը խածնելով կը հեռանան ու ասի իրենց բոլոր ճարտարությունը, ռազմագիտությունն է․ անկե անգին՝ դժվար թե կատվի մը հետ իսկ կռիվի բռնվին պատահական հանդիպումի մը ատեն» (Ռ. Զարդարյան):


Դ դաս

Ոճին ինքնուրույնությունը

Հարց. — Լավ ոճ մը քանի՞ հատկություններ ունի։

Պատ. — Ոճին բոլոր տեսակները երեք հատկություններու մեջ կամփոփվին․

1․ Ինքնուրույնություն

2․ Կարճաբանություն

3. Ներդաշնակություն