Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չհանդիպին, որոնք սլաքիդ շանթի երագությունը տալու չափ անգութ էին։ Եվ մատերս, ո՛վ օրացույց, ա՛լ թերթերդ պիտի չմաշեցնեն, որոնք խոլ ըղձանքով կիրակի մը՝ դիոգինյան լապտերո՞վ կորոնեին։ Ձեր մեծ թիվերը և թրիկ—թրակը ժամանակը կը կետադրեն, կարծես ըսելով՝ հառա՛ջ, հառա՛ջ։ Դուք, որ հավիտենականության իրական երազը կուտաք, ո՜հ, ինծի համար թո՛ղ բեղնավոր ըլլա այդ անհունեն հյուլեի չափ միջոց մը, քառասուն—հիսուն տարվան՝ կյանքի միջոց մը։

Գրատախտակ. — Առաջին անգամ, երբ առջևդ ելա՝ դողացի. սև երեսիդ ազդեցությունը մեծ եղավ։ Այդ դեմքիդ առջև, որ խափշիկ կնոջ մը շպարվելու ծաղրելի փափագն ունի, ծույլ մանկությունը կը սարսռա։ Ամոթի քանի շառագնումներ անդրադարձած են սև լանջիդ․ քանի արցունքներ թափված են առջևդ. եթե հոգվո այդ շիթերը արժանապատվության հողին վրա ինկան՝ պիտի բողբոջին արգասավոր փթթումով․ ինչպես այլևս ինծի պիտի ըլլա՛. կառաջադրեմ։

Գրասեղանք. — Ողջո՛ւյն ձեզի, կես մաշած գրասեղաններ։ Քանի մը ցիրուցան գրքերով, մելանի բծերով, անվան գլխատառերու փորվածքներով և զմելիե ընդունած վերքերով լուռ ու մունջ՝ դպրոցական կյանքի վեպիկներ պատմել կը թվիք․ այդ վեպիկները չարաճճության և ծուլության, խոհունության և ջանասիրության հյուսկեր են, որոնք ապագան կը քրքրեն։

Ձեր վրա Փորթուգալ փաշաներու, Պեշիկթաշլյաններու, Հեքիմյաններու, Թերզյաններու գանկերը, այդ հանճարի հնոցները խոկացին․ անոնց ձեռքերուն տակ մաշեցաք երբեմն... Եվ ահա՞, այդ մեծ մարդկանց տեղ ձեզ կողջունեմ և այլևս հաստատ կառաջադրեմ՝ որ այս ծույլ բնավորությունս պիտի փոխեմ, և պիտի ջանամ այդ հանճարի արծիվներեն գեթ փետուր մը ժառանգել... Անցնի՞նք։

Վիճակացույց. — Քեզի ես հառաչանքով կը նայիմ․ ընկերներս ժպիտով կողջունեն։ Ի՞նչ մոգիչ զորություն է այդ՝ որ կամքիդ համեմատ՝ մանուկ սրտեր կը լացընես կամ կը հրճվեցընես։ Ո՞վ ուսանողներու կուռքը, ո՞վ Արդարության չաստված, կշռույդ նժարին մեջ՝ կլոր—կլոր նիշերս՝ սիրտս կը