Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թրծել՝ մինչև որ հոն ոևէ շյուղ չմնա, մետաղին ձույլը մեջտեղ ելլե, առանց խարամի, փալփլուն։

Հարց. — Ինչո՞ւ ոմանք շատ բառեր կը գործածեն։

Պատ. — Վասնզի կը դժվարանան իրենց գաղափարը հայտնելու և կստիպվին անոր շուրջը թափառիլ:

Հարց. — Կարճաբան ըլլալու համար ի՞նչ բանե պետք է խուսափիլ։

Պատ. — Պետք է խույս տալ ավելորդեն, շատախոսութենեն, երկրորդական գաղափարներու աճումներեն, որոնք տիրող գաղափարին վրա բան մը չավելցնելով հանդերձ՝ զայն կը տկարացնեն։

Միևնույն մտածումին ուժեղ կամ տկար ըլլալը անոր խտացած կամ տարածված ըլլալեն կախում ունի։

Թույլ և ճապաղ է սա խոսքը. «Այն մտածումները, որոնք մարդ էակը կազնվացնեն և կը խանդավառեն, ձեր սրտին ակունքներուն մեջ կը գտնվին և անկե կը բխին»։

Նույն մտածումը կարճաբանությամբ Վովընարկի հետ կըսեմ, ավելի շքեղ կերպով․ «Մեծ մտածումները սիրտեն կուգան»։

Ավելագրություններուն հեղեղը կը մթագնե դրության իմաստը և կը խանգարե նկարագրության գեղեցկությունը, ինչպես Ա․ Չոպանյանի հետևյալ գրվածքին մեջ․ «Օր մը, մրրիկ մը քեզ սարսեց և ջուրերդ՝ փրփռակուտակ, հորձանապտույտ, մեծամռունչ, արջնաթույր ու փայլակներով պատռտված՝ արձակեցին երգ մը անօրինակ, խորին ու հզոր, մոլեգին ու դաշնաթավալ, վեհորեն դաժան ու քաղցրորեն ահավոր, երգ մը կարծես հրեշտակապետներու փողովը հնչված՝ երախաբաց դժոխքի մը արհավիրքներուն վերև, — Նարեկա Մոնազին հոգին էր, որ վրայեդ կանցներ» (Ա. Չոպանյան):

Ավելի ցայտուն պիտի ըլլար նկարագրությունը, եթե վերագիրներուն անիմաստ բեռը թեթևցնեինք և ըսեինք․

«Օր մը մրրիկ մը մտավ ընդերքներուդ մեջ, ջուրերդ արթնցան մեծամռունչ, պատռտված փայլակներով ու արձակեցին խորունկ երգ մը, դաշնաթավալ ու ահեղ, երգ մը զոր կարծես հրեշտակապետներու շեփորներեն կը պոռթկար երախաբաց