Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժխտենք ի հառաջագունե տրված կաղապարյալ ձևերու հարկադիր հպատակություն։ Կը նախընտրենք արտահայտության գործիները՝ հարազատ բոլոր ձևերը, որ կրած են Հայ Հոգին մեր տոհմային արվեստի ու գրականության մինչայժմյան երևույթներուն մեջ, բայց կը հայտարարենք, բայց կը պահանջե՜նք անկախություն արտահայտության ամեն ձևերու, որովհետև կը հավատանք, թե մինչև որ չըլլա ինքնուրույնություն և անձնականություն ձևերու մեջ՝ չենք ունենար ինքնատպություն, չենք ունենար ստեղծագործական նորանոր հարստություններ։

Կը հայտարարենք մշակում՝ կենսանորոգ պատվաաստումով մը՝ հայ լեզվին, որովհետև կը հավատանք, թե մեր լեզվին կատարելագործման իտեալը՝ անբավական կը համարի այն տարրերը, զորս կօգտագործե հայ լեզուն ներկայիս։ Ո՜չ մեկ գավառաբարբառ առանձինն՝ գոհացում կուտա անոր, նույնիսկ ըլլա ան ոստանիկ բարբառ մը, ինչպես կը կոչվի պոլսահայ բարբառը։

Հռչակելով մաքրագործումը հայ լեզվին՝ բազմաթիվ օտարահունչ բառերե, կորոշենք դիմել հայ լեզվին զանազան աղբյուրներուն, գրաբարին և բնաշխարհի հայ բարբառին և որդեգրել հարազատ ու հայեցի բառերը, բացատրություններն ու ասությունները և պատվաստել զանոնք մեր գրական լեզվին, առանց մեղանչելու անոր ներդաշնակության օրենքներուն դեմ։ Կուզենք հիմնել լեզվի գեղեցկագիտություն մը՝ նոր գիծերու, նոր գույներու, նոր շեշտերու հավելումով։

Կը հայտարարենք զուտ գրականությունը հեռու պահել քաղաքականութենե և լրագրութենե, որովհետև երկու վտանգներ են անոնք, լրագրությունը և քաղաքականությունը, որ մեր օրերուն դարանակալ կսպասեն հայ արվեստին շուրջ։ Մենք դեմ չենք ոչ մեկուն և ո՜չ մյուսին — ո՜չ լրագրության և ոչ քաղաքականության՝ ցորչափ անոնք իրենց դերին մեջ կը մնան։ Բայց մենք պիտի ըմբոստանանք ամեն անգամ, որ անոնք փորձեն արվեստին և գրականության անունով ներկայանալ և կամ զանոնք զենք դարձնել իրենց նպատակին ծառայելու համար։