Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1914


30. ԲՐԳՆԻԿԸ ԿԸ ՇԱՐԺԻ

Շատ քիչ ազգայիններ կան, որ Բրգնիկի անունը լսած չըլլան։ Սեբաստիայի ամենեն հայաշատ գյուղերեն մեկը, որ իր մեջ դարերով սնուցած է հայկական առողջ սերունդներ, զավակներ հողի և աշխատանքի, որոնք իրենց հաղթ ֆիզիքականով գերազանցապես ընդունակ են նաև քալելու մեծ ու Նորագույն գաղափարներու հետ՝ ատակ ըլլալով զարգացման և պատվախնդիր՝ նկարագրի։

Գյուղացիները, որոնք հայ կաթողիկե դավանության կը պատկանին, ասկե առաջ տված են անձնանվեր հասունյաններ, իսկ այսօր գրեթե ամբողջովին համառ հակառակորդ են Թերզյանի, կամ ուրիշ բառով, ազգային վատասերման: Ասիկա ցույց կուտա, թե անոնք կարող եղած են քալելու ժամանակի լույսին հետ և շուտով քանդելու զիրենք շրջապատող միջնադարյան պատվարները՝ զորս միշտ նորոգելու և կարկա<տ>նելու համար կարգ մը կղերներ ամեն ճիգ թափեցին միշտ, ու մի՜շտ ալ իզո՜ւր։

Այսօր նորեն այդ գյուղը դեմ դիմաց կուգա կղերին հետ։ Իրենց ծոցեն կը հեռացնեն հոն 20 տարիե ավելի բույն դնող Անարատ Հղության մայրապետները, երբ ասոնք չեն ուզեր ենթարկվիլ ժողովուրդի հակակշռին՝ իբրև անոր զավակներուն ուսուցչուհիներ։ Միշտ նույն ախտավարակ կողմը կաթոլիկ կղերականության՝ գործել ինքնագլուխ, անպատասխանատու, արհամարհել այն ժողովուրդը, որուն ծոցը և որուն շնորհիվ կապրին, հեռու պահել զայն, խավարի, խորհրդավորության մեջ թաղել իրենց ըրածն ու դրածը, միշտ վախնալով, միշտ սրտադող, որ երևան կելլե իրենց համբավավոր ծուլությունը, համբավավոր արծաթասիրությունը։ Այլապես չեն ըներ անշուշտ բոլոր մկնազգիները, երբ ծածկված ամբարներու մեջ,