Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդմեջեն ջրանցներուն մեջ քաջե իր ոսկեղեն ստվերը, պալատներուն տանիքն համբուրե, և հոսեցնե իր օծումը տաճարներուն ճակատին հելլենական եռանկյունին մեջ, և այդ շողերուն տակ ապառաժներուն սյուներուն մեջ մարմարներն արթննան, ժամն է, ով այցելու քերթող, որ կոնտոլի մը մեջ քնարն անութիդ տակ շրջանն ընես Մեծ — ջրանցին՝ մեկ ծայրեն մյուսը, և լճակին (Laguna-ին) երազային տարածության վրա։ Վենենտիկը այն ատեն իր գաղտնիքը պիտի բանա թարթիչներուն յուրաքանչյուր բախումին տակ, հոգիիդ հիացումին առջև։ Իր գոհարները պիտի հայտնվին քեզի, ինչպես արևելյան տուփի մը մեջեն, զոր հզոր մարգարե մը իր կացինին տակ կրժը կոտրե ապագայի խորհուրդին սպաննիչ հարվածի մը տակ։ Այն ատեն տե՜ս և ըսե՜․ «Տիեզերքին ո՜ր մեկ անկյունը, ո՜ր մեկ քերթողին երազին մեջ այսպես հաշտ ու ներդաշնակ ապրեցան։ Ջուրը մտերմական իր երկնքին հետ։ Ջուրը միակ թարգմանն Է կապույտին ալ անբարբառ խոսքերուն. ամեն գեղեցկություն, որ անծանոթին մեջ ստեղծվեցավ կուգա <1 անընթ> վրա ավարտել և մարդկայնանալ և բազմապատկել ուրիշ զանազան գեղեցկություններու զոր քնարը․ վրձինը և մուրճը իրենց մեջ կը բաժնին՝ ամենն առնելով և հավերժացնելով իր մասը։ Վենետիկի մեջ այդ զմայլանքի պահերուն ոչ մեկ բան կը ծնանի մեռնելու համար, ամեն ինչ կերթա անմահանալ ջուրին մեջ։ Կոնտոլը կանցնի և, կանանչ ալիքներուն վրա իր կուրծքին խրոխտ բախումը, նման կարապի մը թևահարումին, բավղային փողոցներուն <1 անընթ․> ոլորտներուն ընդմեջեն կերթա աղոթքի մը նման հավերժանալ լռության մեջ։ Թևճակը, որ ախորժալուր կշռույթով ալյակներուն՝ դյուրազոդ մարմինը կը ճեղքե, և լույծ տարրին զորության հենած կը սպասե, հեռավորությունը անդորրական ափունքի մը հանդարտ կարոտով։