Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախընթաց թերթին հայերեն հոդվածիս մեջ եղած տպագրական սխալներուն քանակությունը աչքի կը զարներ, դարմանը լոկ պատվեր մ՛է, հետո ուշադրություն։

Նոր թերթը ուրիշ տեղ մը կարդացի մեր...


5. <ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ>

<21—23 հուլիս, 1902, Կ․ Պոլիս>

Սիրելի և սիրելի վարդապետ,

Կը գրեք հաճությամբ և սիրով. Ձեզի պարտական եմ։ Այդ գրերը ազնիվ դաստիարակիս գրերն են, զանոնք տենչանքով կը լափեմ։

Ձեր երկու նամակին դեմ՝ ես մեկը պիտի հղեմ, երկրորդը լոկ պիտի ըլլա սիրելի դաստիարակին ու խոնարհ աշակերտին <շուտադեպ> տեսությունը հոդ՝ այդտեղ... Այլևս ավելորդ է ըսել, թե անցագիրս գրպանս է։ Երանավետ տեսություն։ Մեր թղթակցությունն ալ օրհասականի մահճին մեջ կը հևա, իր մահը, փոխանակ արցունքի, ժպիտներ պիտի ծնանի։ Տեսնա՜նք։

Ձեր վերջին նամակին վերջին մասերուն մեջ իրականացած գուշակություն մը գտա ես և այրած սիրտ մը․ Ձեր սիրտն <է> այն՝ իր կիզումին մեջ վեհ, գորովի և կորովի։

Չարամտության գործիչներուն համար կ՝ըսեք (ամո՜թ իրենց)։ Տարամիտներ, ո՞վ կ՝ըսե (պարծանք իրենց)։ Իրողության տեղյակ եմ: Լուսանկարներն ստացա ու հանձնեցի պարոն Ս․ Փանոսյանին, հավատարիմ ան իր խոստման, որ պիտի բաժնե զանոնք իրենց տեղերը։ Ժամանակ չունիմ, ներեցեք։ Հառաջիկա շաբաթ օրը Շոյտի շոգենավով Ձեզ կուղևորվիմ։

Այս տեղեն բաժանումը քիչ մը դառն <կըլլա>, գոցենք։

Վերջապես բաժանում չէ՞։