Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայրս կը բարևե Ձեզ ջերմագին և սուրբ աջերնիդ կը համբուրե։ Ընկերներուս բարևները։

Ի քաղցր տեսություն։

Մնամ հարգանոք և սիրով՝

<Դանիել Չպուգքյարյան>


6. <ՄԻՔԱՑԵԼ ԶՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ>

<21—23 հուլիս, 1902, Կ․ Պոլիս>

Այս վերջին նամակս է, զոր Պոլիսեն Ձեզ կը գրեմ, սիրո դրոշմն ունի այն և բաժանումի հառաչը։ Անցագիրս գրպանս դրած՝ մնաս բարովի մաղթանքը կը մրմնջեմ, մնաս բարով մը, որ արցունքի և միանգամայն ժպիտի հակառակ ազդակներու միջև շրթներուս վրա կերկբայի, կը տատամսի։ Արցունքը կը հաղթե, ժպիտի տեղի կուտա, երկու ջերմ ու սեղմված ձեռքերը իրարմե կը բաժնվին, բայց երկու Արտերու միացումներն ալ կը բաժնվի՞ն։ Ո՜հ, ներեցեք ըսելու թե ահավասիկ ներկա վիճակս ա՜յս է։ Բաժանման գերին եմ։ Կարոտս պիտի ավելնա և առ Ձեզ ունեցած կարոտիս միացած՝ պիտի ըլլա թաքուն և խոցող տատասկ մը, սրտիս ծալքերուն մեջ հևացող, գիտեմ։

Հառաջիկա շաբաթ օրը երկու ճերմակ թաշկինակներ՝ մին հորս և մինն իմ, ահագին բազմության մը մեջ զիրար պիտի որոնեն, պիտ ճոճան օդին մեջ մոլորուն երկու տարուբերված, և տխուր սրտերու պես հուսախաբ, քանի մը շիթ արցունքներու գաղտնիքով, տամուկ գրպանի մը մեկ խորշը լքված՝ պիտի սգան վերջին հառաչով—ավաղ։ Բայց ի՞նչ բանի համար այս ամենը, առ ի՞նչ բաժանման դառնությունը։ Ասիկա հայտնի է։ Ապագային ջահն է, որ նշմարեցինք հեռո՜ւ ծովերե, հեռո՜ւ լեռներե, կը վազենք դեպի այդ ջահը․ մեր հայրերը մեծ հույսով և հույզով ատոր համար կը զոհեն իրենց քսակը, իրենց քրտինքը և մենք՝ մեր աշխատանքն ու եռանդը։