Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երազանքի ճամբուն վրա, որուն ուղևորը հասկցվելե առաջ դեռ կը գուշակվի, վարանոտ քայլերս կը հաստատեք։ Ձեր խրախուսող հոգվույն՝ ուրախ ու շնորհակալ ժպիտով մը կը դառնամ։

Ուրիշ գրություններու հրապարակումին՝ քիչ մավելի անվախ պիտի ըլլամ, գիտնալով որ պիտի գտնվին համակրող սրտեր և ողջամիտ ճաշակներ՝ զանոնք գնահատել և գնահատել տալու համար։

Չզբաղցնեմ Ձեզի։

Ուսումի սրբազան բարձունքներ կը մաղթեմ Շավարշին (զոր Քաղկեդոն ճանչցած եմ)։ Եվ ինքը, ապահով եմ, պիտի ելլե հոն, պիտի ելլեն ուրիշ շատ հայ տղեկներ ալ քանի որ անոնց՝ մտացիորեն կը տրվի «Նոր Դպրոցի» դասագրքերու փնջերը, գաղափարական բազրոտներ՝ գաղափարական վերնագավառներու։

Մնամ համակրանքով և հարգանքով
Դանիել Գ. Չպուգքյար


10. <ԱՐՍԵՆ ՂԱԶԻԿՅԱՆԻՆ>

<Նոյեմբեր—դեկտեմբեր, 1904>

Կուզեք որ անձնական գաղափարս հայտնեմ։ Իմ մասին Ձեր հղած նամակը ինձի կըսե․ թող հայտնե՜ իր դիտողությունը, «Գեղունիի» մեջ, Աղանուրեն ըրած քանի մը թարգմանություններուս նկատմամբ։

Հայր, ես ի՛նչ կրնամ ըսել. ես դեռ հազիվ խելամուտ բանաստեղծական լեզվին, մինչ ան իմ մեջս տակավին թոթովանք մըն է, Ձեր մեջը արդեն իսկ երգ մըն է տաղաչափած իտալահայ բանաստեղծուհվույն իտալահայ երազանքին վրա, այդ պատմուճանը այդ մուսային վրա ներդաշնակած է, և դիտողությունս է հիացումն, և հիացումս Ձեզ պիտի գրեմ։

Ամբողջ կարդացի գիր առ գիր, տուն առ տուն, ինչպես կը կարդացվի երազ մը և կամ ինչպես Ապրիլ մը կ՝երազվի։ Բնություն և սիրտ, ահա Աղանուրը, որ է՝ գաղափարը սրտին մեջ աչք մը հայ սրտին համար և բնության մեջ ճառագայթ մը՝