Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաև ինծի պատճառ պիտի ըլլար խոսելու «Սարսուռներու» տպագրության մասին․ այս իղձս երկու իրողության մեջ խեղդվեցավ․ մին որ վեհ<ապատիվ> Սիմոնը ինքը (որուն այնքան պարտական եմ) իմ տեղս, իհարկե ավելի հեղինակավոր Ձեզի դիմեց և երկրորդ, որ վարժարանական շրջանս դեռ առիթ չէր տված պատիվն ունենալու Ձեզ հետ երկար տեսակցության։

Այս նամակս, երջանիկ եմ եթե կարենա կանխավ շնորհակալիքս և մեկ—երկու մանր փափաքներս Ձեզ պարզելու։

Արդեն «Գեղունիի» մեջ դրդելիք ոտանավորներուն մեկ մասին նախափորձը տեսա, և այդ արդեն զիս այնքան ուրախացուց, որ դեռ մյուս փոքր մասին և հատուկ հատորի մը հրատարակության գուշակումիս մեջ գտա անխառն երախտագիտություն մը մամուլիդ վարչության հանդեպ։

Հուսով եմ որ այս ու հաջորդ «Բազմավեպին» մեջ մյուս մասն ալ կը լրանա, որ այնքա՞ն մեծ կարևորություն ունի հատորը ընելու համար ամբողջ, ճաշակով և կատարյալ զերծ ամեն պռոշյուրով վիժած ծավալ մը ըլլալե։

Անոր վրա Ձեր ունեցած խնամքը մտքիս մեջ քննադատություն մը ըլլալե ավելի համոզում մըն է կամ լավ ևս անտարակուսելի հավատք մը։ Այս գործը Ձեր մտատանջության կաթիլ մը պիտի ավելցնե և Ձեր ժամանակեն վայրկյան մը պիտի գողնա, բայց գեթ այսպես ուրախ եմ, որ նախ հանդեսներու մեջ հրատարակելով կրցա թե վարչությանդ և թե զիս մեծագումար ծախքե մը ազատ պահել։

Միայն, վերապատվելի Հայր, կը մնա թուղթի ծախքը, որուն մասին պիտի խնդրեի, որ Ձեր շնորհքներեն ամենամեծը ըլլար ամենամեծ երախտիքի մայր որքան որ թուղթի տեսակը վեհ <ապատիվ> Մկրտիչին ղրկած էի Ձեզ հանձնելու համար, այսուհանդերձ Ձեր ընտրողության կը թողում, չուզելով ձեռնամխել Ձեր պաշտոնը և Ձեր ճաշակը, որ ապահով եմ տգեղ բան պիտի չընտրե։

Գալով հատորին քանի օրինակ ըլլալուն, պիտի բաղձայի, որ 500—են պակաս չըլլար․ ապահով ըլլալու չափ կը հուսամ, որ պիտի ծախվի․ արդեն շատեր ինծի դիմած և պատրաստակամություն