Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վայրէջքին՝ իր մը կը ստվերոտե, ամեն մեկ գահավիժման աստղի մը լուսավոր անդունդը կը բանա։

Լուսնին գույնը կայլափոխի, վայրկենե վայրկյան շառագնում մը կը խտանա դեմքին․ հոն երազ մը կա, որ մտածումներդ իրենց ճամբեն կը մոլորե դեպի գերբնական աշխարհներ ուղղելով, հոն լույս մը կա, զոր կզգաս, թե մինչև հոգվույդ կը դպի իր կախարդի նայվածքներովը։

Այդ լույսը ստվերն է հակադիր արևուն։


Բ

Զմռան գիշեր է։

Պատուհանիս առջև կսպասեմ․ կսպասե՜մ, և մեռելներու քաղաքը կը ժլատի։ Իր հավիտենական քունեն լի զրկեր ինծի՝ կաթի՜լ մը, քանի մը ժամվան կաթիլը։

Թեթև բուքը ականջիս հևալով բան մը կը մրմնջե․ պատմությունը կընե ան՝ իր այցելած տեղերուն, խեղճուկրակ՝ խղիկներու, հոշոտված քուրջերու, անվերմակ հիվանդներու և տժգունած ճակատներու, ուր երբեք չի դպան եղբայրության մը շրթունքները։ Եվ հանկարծ ճերմակ հորիզոնեն վեր սևոգի մը կը բարձրանա․ իր քղանցքին ծվենները, վարը, ձյուներուն կը քսվին․ ան մոտենալով ավելի կը թխանա։ Կսարսափիմ։ Նիհար ու ոսկրոտ մարմին մը ինծի կը ցուցընե, մարմին մը՝ տառապանքներով կարկամած․ և կը մռնչեմ եղեռնական անանկ բաներ, զոր հոս հիշելու կսոսկամ...

Ան ստվերն է մերժվածի մը, որ տխեղծ մանկության մը տվայտանքներու սրտմաշուքին առջև անօգնական և անսվաղ սպառեցան։


*

Տեսա, որ անցան անոնք․ խուսափուկ խո՜ւմբ մը․ անցան, և Արաքսի եզերքեն քարաժայռերուն մեջ կորսվեցան մարդկային ուրվագծեր էին՝ տխրունակ և լուռ ողբով գլուխնին կախած։

Տղա մը, գետին մոտ, հյուղին սեմը բարձ ըրած, անոնթ ետևեն կը ճվար՝ Հայրի՜կ, մայրի՜կ։ ժայռերը նորեն անոր կը