Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մաղթելով Ձեզի տակավին գրական նոր—նոր բեղնավորություններ, մնամ հարգանքներով։

Դանիել Վարուժան
Դանիել Չպուգքյար

Հասցես է՝ այս վերջին ճշգրիտ անվամբս․

Avenue des Arts, № 27

(Belgique) Gand


13. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

17 դեկտ., 1905, Կանտ

Հարգո Տեր,

Գրքերուն հետ ընդունեցա Ձեր նամակն ալ։ Կըսեք, թե ղրկած քերթվածս սիրով պիտի հրատարակեք․ ջերմ շնորհակալություններս։ Անոր վրա Ձեր ըրած քննադատությունը արդեն փափաքս ըլլալուն՝ ուրախությունս եղավ։ Իր արվեստին կամ կազմության վրա Ձեր ըրած, կամ իմ խնդրած, դիտողությունները խիստ շահեկան եղան ինծի, քանի որ Ձեր դատաստանին մեջ հավատքն ունիմ արդի գեղարվեստագետ մտավորականության դատաստանի խտացումը գտնալ։

Միայն, ներվի ինծի բացատրել քերթվածին քանի մը մասերուն կազմելու իմ եղանակս, իմ կըսեմ, քանի որ արվեստը գեղեցկին միջոցը ըլլալուն համար, իր նպատակին՝ որ է գեղեցկության, նման առնչական կամ անհատական է։ Ասով, իմ կարծիքս բացատրելե զատ, բնավ մտադրությունը չունիմ Ձեր քննադատության (որ ինծի այնքան հաճելի եղավ) քննադատություն մընելու։


Իրավ, գիտե՞ս ըսպաննել Մահը, խեղդել
Ոսկըրներու, ջրղերու մեջ. զետեղել
Գըլուխդ ամեն խոթ կուրծքի.