Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խիստ գերազանց կը հանդիսանա, այս մասին օրինակը տալը ինքնագովություն պիտի համարվի, ուստի կը լռեմ։

Եթե մեծ ցավ մունիմ, քաղաքիս մեջ որոշ չափով հայություն չըլլալն է․ հազիվ չորս-հինգ հոգի կը գտնվի։ Կը ցանկայի ժնև երթալ, վարժարանն ընդդիմացավ․ Մխիթարյան հայրերը պահպանողական են, նվազ բացառությամբ։

Լոս գլխավոր երկու կուսակցություն կա. կղերականք և ազատականք. առաջինները իրենց ժողովարանը ավանդատուն դարձուցեր են, ու երկրորդները՝ գինետուն։ Ինչ որ է։ Եթե լավ մը վարժիմ գաղղիերենի, մտադիր եմ հոն ազգերնուս վերաբերյալ մերթ-մերթ ճառեր արտասանել, եթե այս նշանախեց մը օգտակար ըլլա մեզի՝ ուրախ պիտի ըլլամ։

Ահա ներկաս, պարզ և աննշան։ Իսկ ի՞նչ պիտի ըլլա ապագան՝ ո՞վ գիտե, ես պիտի չհամարձակիմ գուշակել։ Մեր մեջ գրագիտությո՜ւն, մեր մեջ գրականության լիուլի նվիրո՜ւմ... Ո՛հ, ես իմ վրա կը խնդամ այս մասին․ հայ գրագետին ապագան Հայաստանի ապագան է, ըսվի թերևս անոր վսեմությամբը գինովցած, ես կը պնդեմ, թե այդ դատողությունը հետևանքն է իր փոխադարձին։

Համառոտ․ դեռ շատ «Թողե՜ք մեծնամ»-ներ պիտի երգեմ Ահա ամենը։

Կանխավ լիուլի շնորհակալություններ Ձեր «Անահիտի» ուղարկումին։ Կը ջանամ երբեմն-երբեմն աշխատակցիլ։ Չունիմ պատրաստ քերթվածներ, բոլորր հանձնած եմ Ս․ Ղազարի տպարանին․ «Գեղունիի» և «Բազմավեպի» մեջ հրատարակելէ վերջ — մոտերս — առանձին հատոր պիտի կազմեն «Սարսուռներ» խորագրին տակ․ բայց ի՞նչ նախճիրով և ի՞նչ (դեռ ենթադրելի) պայմաններով՝ ցավալի է ըսելը․․․ գաղափարի այս օրինակ բոզացումին առջև երբեմն մարդ կ՞ուզե այնպե՞ս գոռ մռնչել, որ վերեն Մուսան իսկ սարսափած գահավիժի։

Խիստ երկարեցի նամակս․

Ձեզ ամեն գրական հաջողություն կը մաղթեմ, և սիրալիր ձեռքի սեղմումով կը մնամ Ձերդ

Դանիել Վարուժան