Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<25 դեկտեմբեր, 1905, Կանտ>

Վերապատվելի մեծ Հայր,

Սա սուրբ օրերուն մեջ կը հիշեմ ամբողջ ընկերներով վաքանսի մեր ցնծությունները, կրոնական երկյուղած պատրաստությունները և կը համակվիմ քաղցր տխրությամբ։ Տոնի օրերուն մեջ մարդ ավելի կզգա ընտանեկան շրջանակի մը պետքը։ Այլևս հեռու եմ այդ շրջանակեն, թողունք ա՜լ ավելի քաղցրագունե մը, որ դրեթե չորս տարի է կերազեմ։

Ա՜լ այսօր շնորհավորական մաղթանքներս ստիպված եմ նամակով ընել․ պիտի չկրնամ համբուրել Ձեր սուրբ աջը․ այդ որդիական համբույրը նամակիս մեջ կը ծրարեմ։ Երախտագիտության թելադրության տակ կը մաղթեմ Ձեր անվան այս տոնը սկիզբը ըլլա ավելի կատարյալ երջանկ որքան և քաջողջության կյանքի մը ծփանքներւ մեջ։ Գուցե սովորական են այս մաղթանքները, բայց հազվագյուտ է անոնց անկեղծը։

Մեր արձակուրդն ալ սկսած է, որ կը տևի 10-ը տասներկու օր։

Այս 12 օրը քիչ մը զվարճանալով, քիչ մը աշխատելով և եկեղեցի երթալով պիտի անցնենք․ մաղթեցեք, որ երկրորդ եռամսյան ավելի հաջողությամբ սկսինք և արդյունաբեր ընենք մեզի։

Այսօր ամսույս 25 ըլլալով, գրեթե պատշաճ է ժամանակին Ձեզ ամսական հաշվեցուցակս ուղարկելու։

                         ֆրանք սու
Ճաշ և սենյակ 72 —
դասագիրք և տիսփ 8 —
լվացք 2 10
կրծկալ մը — 50
տետր, թուղթ, մատիտ և այլն — 40
օճառ մը — 25
նամակ, քարտ, և այլն 1 55