Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նամակս վերջացնելե առաջ, ներեցեք խնդակցություններ հայտնելու Թասսոյի թարգմանության մասին, որը նոր չէ ինծի համար, բայց հիմա հույս ունիմ ամեն «Բազմավեպին» մեջ երգ մը կարդալու, այն ինծի սիրելի կըլլա, և օգտակար ոգին, լեզուն, շեշտը և ճոխությունը բառերուն բավական ճաշակներ կարող են դարբնել։ Մեկ խոսքով՝ հիացումներս և շնորհավորություններս։

Ձեզ աղթելով, սիրելի Հայր, դեռ ավելի բեղուն ճախրանքներ «Բազմավեպի» սյունակներուն մեջ, կը մնամ

համբուրելով սուրբ աջերնիդ, խոնարհ

Դանիել Վարուժան


23. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<3 — 6 փետրվար, 1906, Կանտ>

Սիրելի Հայր Արիստակես վարդապետ Քասգանտիլյան.
Ստացա Ձեր քարտը։ Բախտի անակնկալ մեղավ ան։
Շնորհակալություն Ձեր շնորհավորությանց։

Քերթվածները, եթե ունին իրավցնե գեղարվեստի ցոլք մը՝ Ձեզի կը պարտիմ. այս բանս հայտնել չեմ լռեր և չեմ ալ ըսեր՝ լոկ քաղաքավարության կեղծ ներշնչման մը գերի։ Ոչ մեկ հայերենի վարժապետ իմ վրա այնքան ազդած չէ, որքան Դուք։ Մյուսներուն դասերը ինծի սովրեցուցին՝ գիտնալ, Ձերիններն՝ ստեղծել: Մյուսները ավելի անձնասեր եղան․ մյուսները ես միշտ պիտի հարգեմ, բայց զՁեզ պիտի սիրեմ։

Ձեր քարտը զիս թելադրեց, երեկ, հին տետրակներս քրքրրելու, անոնց դեղին էջերուն խորը Վոսփորի բնության դեմ դիմաց գտա Ձեր ձեռագիրը, և այդ հիշատակը այսօր քաղցր հիշատակ մըն է ան ինծի՝ մինչ օր մը բեղնավորիչ եղավ և օգտակար, և կզգամ, որ հոն՝ սրբագրված հմուտ, Ձեզմե քաշված յուրաքանչյուր ջնջումի գիծ ճառագայթ մեղավ իմ այս փոքր հառաջադիմումիս, զոր ապահով եմ, տակավին օգնել կարող է մտքի թիզով մը չափվելու։