Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8. ՎԵՐԱԿԵՆԴԱՆՈԻԹՅՈԻՆ

Այո՛, պիտի արթննա՜։

Այո՛, այդ թմբերեն պիտի ելլե, որ իրեն համար գերեզման մըն է։ Երբ Գաղղիան արթննա իր հազար քուներեն, երբ աչքերը բանա, երբ որոշե իր ամեն թշնամիները, երբ տեսնե իր սրտին փտումը, որդիներուն փտումը, հոգիներու եսասիրությունը, դժոխային սնափառությունը, ետ պիտի ընկրկի, այդ Գաղղիան, զարհուրելի սարսուռով մը, ահավոր դողով մը։

Այն ատեն վսեմ ժամը պիտի հնչե.․․

Ռուսիո մեջ ենք։ Նևա գետը սառեր է։ Վրան տաղավարներ կը շինեն. ծանր կառքեր ցուրտ քամակին կընթանան․ ատի ջուր չէ, ժա՛յռ է, անցորդները կերթևեկեն այդ մարմարիս վրա, որ գետ մըն էր առաջ։ Հոն քաղաք մը կը ձևացնեն, ճամբաներ կը գծեն, կրպակներ կը բանան, կուտեն, կաշխատեն, այդ ջուրին վրա կրակ կը վառեն։ Ամեն ինչ կըլլա վրան։ Մի վախեր, վազե, խնդա, պարե, այդ քարացած ջուրը կրանիտի նման ոտքերուդ տակ կը հնչե։

Կեցցե՜ ձմեռը, կեցցե՜ սառույցը, ան մշտնջնական է։ Ցորեկը գիշերվան հետ կը շփոթվի։ Զյունին վրա տժգույն լույս մը կը դալարվի․ կարծես թե արևը մեռած է։

Ո՛չ, դու չես մեռնիր, ո՜վ ազատություն․ օրեն մեկը, երբ քեզի մոռնան, երբ այլևս չի հուսան՝ դու պիտի կանգնի՜ս։ Ո՜հ, որպիսի՜ հրաշալիք, հանկարծ աստղային դեմքդ երկրես պիտի ելլե և հորիզոնին վրա պիտի փայլի։ Բոլոր այս ձյունին վրա, այս սառին, այս պինդ ու ճերմակ դաշտին, քարացած ջուրին և բոլոր այս դժխեմ ձմռան խորը պիտի նետես, պիտի մխես ոսկի նետդ, բոցե ճառագայթդ, լույս, ջերմություն և կյանք։

Մահեն կյա՜նք, այո՛։