Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա հաստատած պիտի ըլլանք՝ առանց մեր ազգային հատուկ դրոշմը կորսնցուցած ըլլալու։

«Հանդես մը հայ գույնով և գավառացի ուժերով»: Հրաշալի հղացում, որուն ծնունդին համար ջանադիր պետք ենք ըլլալ․ անոր հարկավորությունը, իբր դեղթափ տիրող ներկա այլասերումին՝ խիստ զգալի է։ Ես ամենայն կերպով գաղափարակից եմ և անձնվեր ըլլալու պատրաստ։ Բայց ճիշտ է, որ դեռ հարկավոր է ամփոփվիլ և զարգանալ մտավորապես ու նյութապես, այո՛, նյութապես, որպեսզի այսի՛նչ կամ այնի՛նչ հարուստին քմահաճույքներեն անկախ ըլլանք։

Խորհուրդ կուտաք, որ կուսակցական վեճերու տակավին չմասնակցիմ։ Օ՜ր մը մասնակցելու իսկ մտադիր չեմ։ Բայց եթե հարցներ, թե այդ շրջանին մեջ ինչպե՛ս պետք է զիս որակեմ, կը պատասխանեմ թե՝ համոզմունքով հեղափոխական եմ... Բայց միշտ անջատ դիրքի մեջ․ ազատ կուսակցական՝ եթե կարելի է այսպես ըսել։ Գեղարվեստ մը մշակող ամեն հոգի պետք է անկախ ըլլա․ համոզված եմ ասոր օգտակարությանը։ Բայց իր անկախ դիրքին մեջ պարտական է ամենազորեղ մտրակիչն ըլլալ իր դավանած կամ համակրած գաղափարին։ Գուցե վերջերս «Դրոշակին» քերթված մը ղրկեմ․ նույն թիվեն կը ջանամ ղրկել Ձեզ հատ մը։ Բայց ատիկա կարծեմ Ձեր ժամանակը կտրատելեն զատ՝ ուրիշ օգուտ պիտի չունենա․ Ձեր զբաղումներուն չափազանցությունը ինծի մտատանջություն կառթե․ առողջություննիդ չկորսնցնեք։ Քիչ մը ավելի հանգիստ տվեք Ձեր մտքին․ արդեն ամեն գաղափարի համար մեր զվարթ անդորրության ու ժպիտին մեջ է, որ (մեր ուղեղին տակ) անձայն և լուռ կը հսկայանա․ աշխատութենե վերջ կատարյալ հանգիստ մը ուրիշ աշխատություն մէ․ գեթ ես այդպես գտած եմ։

Մտադիր եմ այս օրերս Շեքսփիրի և Պայրընի ամբողջ գործերը դնել։ Գերմանական գրականության մեջ արդյոք ո՞ր հեղինակը ավելի ներշնչող է։ Ինծի նախընտրելի պիտի ըլլա ան, որ գույնը մաածման հետ հավասար կը բարձրացնե։ Ես այս բանս գտած եմ Շեքսփիրի և Հյուկոյի մեջ։