Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարծա՜նք Օրգնկա։

Պարծա՜նք անոր, որ եթե ժամանակ մը ապրածս եղավ, այդ իր երեկվան լեղիին ու քացախին մեջ Ձեզ համար այսօր վարդերու հեղեղ մը կը հասունցնե․ վաղը, արհ<իապատիվ> Տեր, Ձեր անվան հավերժության համար իր հազարավոր որդիները դափնիներու պիտի փոխակերպեն։

Գալով իմ մասին, խոնարհ համբույրներ Ձեր սրբազան մատանիին, համրույրներ Ձեր սուրբ աջին, որուն ներքև ամբողջ ժողովուրդ մը առաջնորդվեցավ դեպի լույսն ու կրակը։

Այս քանի մը տողերուն մեջ կը բերեմ, այնքան շատերու հետ, նաև իմ բարեմաղթությունները և կը դնեմ հոգիս, սիրտս Ձեր փառքի այն հուշարձանին ստորոտը, որուն գագաթը մեծերը միայն կը քանդակվին։

Մնամ Ձեր սրբազան մատնինիդ համբուրելով, խոնարհ ծառա

Ձեր Դ. Վարուժան


31. ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻՆ

3 մարտ, 1906, Կանտ

Ամենասիրելի բարեկամ

Վահան Թեքեյան,

Մեծ ուրախությամբ ստացած եմ Ձեր նամակը, բայց «Շիրակը»՝ ո՜չ. գուցե խոտորած ըլլա իր ճամբան—հոգ չէ։ Զգացումները, զոր չորս էջերու մեջ կը թափեք, Ձեր կուրծքին տակ կը մատնեն հոգի մը խանդոտ ու ազնիվ և սիրտ մը՝ միշտ ընդունակ համակրելու և համակրվելու։ Գեղեցկությունը, զոր քերթվածներուս մեջ կը գտնաք, ես կարծեմ Ձեր նայվածքեն կը ծնանին, Ձեր արդեն իսկ սիրված բանաստեղծի հոգվույն պատկերը կըլլա ցոլացած այդ հայլիին մեջեն։

Ինձ կը գուժեք ղրկած քերթվածիս՝ Վերածնութեան վերավախճանումը: Այդ մասին երբեք առիթ չունիմ ցավելու. արկդեն երբ զայն Ձեզի հանձնեցի, հանձնեցի Ձեր լիազոր դատողության։ Միայն՝ իբրև միշտ մերժվածներու պաշտպանդ խորհուրդ