Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կորավ, հարուստը կը փճանա։ Բայց ինչո՞ւ սնանկությունը ամբողջ հայության կը վերագրեմ. ոչ առանց պատճառի անշուշտ։ Պոլսական լրագրի մը մեջ կը կարդամ, ճիշտ երեք ամիս է, որ գրեթե ամեն օր — լավ ուշ դիր ամե՛ն օր — հայ՝ մեծ թե փոքր վաճառական մը կը սնանկանա։ Այս մնաց գալիք, իբր լրումն ամեն աղետից, եղբորդ պես ես ալ կարծեմ պատճառը մեր արյունոտ օրերուն մեջ հարկ Է փնտռել, կոտորածի տարին մահու չափ վնասվեցան և մինչև հիմա կաղնիկաղը քաշքշեցին իրենց դիրքը, և արդ ամեն օր զգալով դեռ ուրիշ հարվածներ անկարելի կըլլա իրենց գոյությունը պահել։ Մեկ խոսքով՝ կուզեմ քեզի տեղեկացունել, որ այս օրերուս մեջ շատ հայեր սնանկություն սկսան հայտարարել, որոնց մեջ բնավ ուրիշ ազգի պատկանողներ չկան։ Կը փճանանք կոր, սիրելի Դերենիկ, կը փճանա՜նք։

Հոգ չէ, եղբայրդ օր մը դարձյալ դիրք մը կը շինե, կամ պայթածը կը կանգնե․ բավական է, որ առողջ է և մտացի։ Նշանվիլը կը շնորհավորեմ․ եթե նյութականեն քիչ մը կորսնցուց, բարոյականն վաստկեցավ․ ի՜նչ մեծ հարստություն գրկին մեջ ունենալ նազելի կույս մը։ Ամեն ինչ հոդ է։ Գանձ, պատիվ, երջանկություն․ բայց այս, որ կըսեմ՝ տեսականորեն կըսեմ․ գործնական վարդապետությամբ կինը ընտանիքին մեջ կը նկատեմ իբր էգ կատու մը, մեր ափը իր շոյասեր վզին փափկությունը կզգա, իսկ մեր դաստակը՛ իր թաթերուն ճանկռտուքը։

Կը հարցնես, թե «Սարսուռները» Տաճկաստան կը մտնա՞, արդեն դուն ալ գիտես մեջը թուրքին դեմ հակառակ բան մը չկա» արդեն ամեն Եվրոպա տպված դիրք ալ տաճիկներու ձեռքով Տաճկաստան չերթար, կամ թե կերթա դժվարությամբ, ես Պոլիս պիտի ղրկեմ ավսարիական փոստով․ մեկ խոսքով՝ անոր մեջ տերության դեմ բան մը չկա, միայն թե քիչ մը էջերեն ընկերվարական հոտ կը բուրե, ահա ինչ որ ես գիտեմ․ մյուսը քու տրամադրությանդ կը թողում։

Ոչ թերթ կառնես․ «Անահիտի», «Շիրակի» և «Բազմավեպի» աշխատակից եմ․ ապրիլին «Անահիտը, մայիսին «Բազմավեպը» և կարծեմ «Շիրակն» ալ «Սարսուռներու»