Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա։ Եթե ինձ որևէ բան հուզում է, այն է, որ իմ երկու պորտուգալացի բարեկամները մինչ այժմ չեն ուղարկել քաղաքական և հասարակական գիտությունների իրենց տետրերը։

Ի դեպ, եթե դրանք չստանամ, ստիպված կը լինեմ հաճախել այդ գիտությունների առաջին տարվա դասընթացները։

Գրե՞լ եք արդյոք որևէ գրական երկ։ Ինչ վերաբերում է ինձ, ահա երկու օր է սկսել եմ մեկ վիպերպում նկարագրել հայկական ջարդերը, որը մտադիր եմ վերարտադրել ֆրանսերեն։

Այստեղ ես հայտնաբերել եմ «Նիբելունդները»։ Այն պակաս գեղեցիկ է, քան «Իլիականրը» և «Օսիանը», բայց ավելի է համապատասխանում արդի տրամադրություններին։

Ձերդ՝ սիրով <Դանիել Վարուժան>


56. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

6 սեպտ․, 1906, «Ազոլո-գյուղ», Վենետիկ

Սիրելի պ․ Չոպանյան,

«Անահիտը» ստացա, այս անգամ ամբողջ Ձեր բարեկամության հավաստիքը ինծի կը ղրկեք քննադատության մը պատրվակով, որուն համար եզականորեն շնորհակալ եմ։ Ես կը մտածեմ, թե բոլոր ներբողները, զոր կրցած էիք ձուլել լիազոր դատողության մը մեջ, դեպի հաջող ապագայի մը խրախուսանքին հեռանկարովը կըլլան և առհավատչյա են բարեկամական այն ձեռքի սեղմումին, զոր այս տարի ինծի տվիք։

Ձեր քանի մը դիտողություններուն ավելի՛ ուշադիր պիտի ըլլամ, և զանոնք մատնանշելու Ձեր այն բարյացակամ կերպը իմ քանի մը թերություններուս վրա ավելի պիտի ներգործե։ Այդ թերությունները հուսամ, թե ներկա գրածներուս մեջ մասաժբ մը սրբագրած եմ․ «Սարսուռներուն» մեկ մասը 1903-ի գրություններ էին։