Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Uարսուռները» տպագրության հանձնելես մինչև այսօր զայն կուրորեն չեմ համարած բոլորովին կատարյալ․ անոր մեջ քանի մը detaille-ներ[1] պակասավոր են, ու երեք քերթված անհաջող, որոնք նաև զուրկ պիտի չըլլան հետաքրքրութենե՝ առանց մեծ արժեք մունենալու. մինչդեռ Դուք բոլորին մեջեն երեք քերթված միայն հաջող կը գտնեք և մյուս մնացածին մեջ՝ երբեմն detail-ներ լոկ կատարյալ և հարազատ։

Արդ, այդ վարուժանական ըսված պտղունց մը գեղեցկության համր ամչցնելու աստիճան կը շռայլեք գովեստներ, կամրապնդեք առաջին յոլեր և կը գուշակեք մեծ ապագա, ինչ որ բացարձակապես չեմ ընդունիր, և ընդունել ուրիշ բան չէ, բայց թե ըլլալ ապշորեն միամիտ և մեկ գարեհացի պաշարով ձեռնարկել Սահարայի մը ճամբորդության։ Ներքին ձայնի մը գիտակից եմ, բարեկա՜մ։ Եթե զիս համոզեք, որ զարկած քնարս մեկ լար ունի, և մյուսները օտար են և օտարներե զարնված՝ ես այսօր զայն կը ջախջախեմ։ Եվ միայն վարուժանական երեք քերթված պարունակող այդ երկու էջ «Սարսուռները» մի առ մի կայրեմ և յուրաքանչյուրին մոխիրը կը հանձնեմ զատ զատ հովերու։

Բայց դժբախտաբար ոչ պ․ Չոպանյանի կոչած «Դուրյանական» անճշդությունը, ո՜չ Ձեր «փոխառությունը», ուրիշին գործերուն և գաղափարներուն անվայելորեն ձեռք կարկառումը, այն ամբաստանությունները կարող են խաթարել քանի մը չնչին քերթվածներուս հարազատությունը և ի մեջ այլոց այդ երկու հեղինակներուն՝ ըլլա Դուրյանի և ըլլա Հյուկոյի, հոգվույն մասին ունեցած ճանաչողությունս. այդ պարզապես պոռնկորդի կոչել է բոլոր զանոնք, զոր ես իմ հարազատ արյունովս ծնած եմ ու սեպհական երևակայությամբս սնուցած։ Եվ եթե անոնք իրարու չեն նմանիր ձևով և գույնով, ներքնապես ինչ մը կա, որ նման է և գոյակից մեկին և մյուսին մեջ, քանի որ բոլորն ալ ծնունդ են միևնույն նախահյութեն, որ իմ եսս է։

  1. Մանրամաներ