Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մրմռա, և ականջիս միօրինակ ձայն մը կարծես ձյունին հետ կը հևհևա․ վա՜ղը, վա՜ղը, վա՜ղը։

— Աստված իր հեգնութենեն հյուլե մը ամբողջ էությանս վրա կը փշրե։

Ձյուն մը կիյնա՝ կը նվաղի, ուրիշ մը կիյնա՝ կը մարմրի, հատ մալ կ՚իյնա՝ կը մնա։ Իրերուն վրա անոսր ճերմակություն մը կը տարուբերի։

Ծառերը մերկ են, ճյուղերը ցախ-ցախ վեր ցցված, որոնց վրա ձյունը՝ քամիին հետ քիչ մը խաղալով, կ՚իջնա ու կ՚իջնա։

Թռչունները փողոցե փողոց, պատուհանե պատուհան կը թափառին. մեռած բնությունը բաներ մը ճգա՜ծ է անոնց։

Կաշկանդող ցուրտին տակ խոտերը չորցած, ծաղիկները դեղնած ցամքած են, հողը իր խավերեն կսարսռի։

Ամեն կողմ ճերմա՛կ, ճերմա՜կ, ճերմա՛կ․

— Աստված երկրիս վրա մեռելական ցուրտ մարմարիո՜ն մը ճգած է։

Հյուղակիս շուրջը բուքը հորձանուտ կը պտույտքե և կսպառնա։ Ետևեն՝ բլրակին ծայրեն, ձյունահյուսեր կուգան, պատին կը բախին, զայն կը ցնցեն և կը փշրվին։

Լուսամուտներուն ապակիները կոտրտած են, զոր չկրցանք շինել տալ և թուղթ փակցուցինք։

Խարխուլ պատերու ճեղքերին և թուղթերու բացվածքներեն հովը կը սուլե, և ներս՝ ձյունի փոշի մը կը լեցնե, որ անհալ կը մնա։

Դուրսը՝ տանիքեն, բյուրեղի նման ջուրի սառումներ կը կախվին, որոնք ավերած քիվերը տխրորեն կը դրվագին։

Ներսը՝ խավարին մեջ, նիհար մարմիններու աղեկտուր թարշամանք մը կը դողդղա, այդ մարմիններուն ամեն մեկ հեծումը սրտիս մեջ սառած շիթ մը կը կաթե, և իրենց հետ միասին կը դողամ։

Մեր կրակարանը մարած է։ Մենք չենք շաղակրատեր, չենք ժպտեր, չենք հիշեր. որչափ թղթատենք մեր անցյալը՝ ան այնչա՜փ սև կը բացվի։