Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

76. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

27 փետր., 1907, <Կանտ>

Իմս Դերենիկ,

Ո՜րքան որ վիճակիդ վրա դեռ որոշ գաղափար մը չկազմեցի՝ բայց թե՜ մեր քանի մը ընկերներուն տողերեն, թե՛ քու երբեմն հուսալից բացատրություններեդ քաղցր է իսկ ենթադրել թե լավ ես կամ լավ ըլլալու ճամբուն վրա։

...Վարուժանին նկատմամբ եթե ոևէ գրություն հրատարակել ուզես, նախ ինծի ուղարկելդ կը խնդրեմ. այն ատեն երբ ըսածդ գիտնամ՝ մոռցածդ կ՝ավելցնեմ. բայց իմ կարծիքով դեռ մեկ-երկու ամիս ալ պետք է սպասել, նոր պաշտոնյաները գուցե բարելավին դեռ։ Հայր Ստեփանին անճոռնության համոզված արդեն՝ ասկե զատ՝ մյուսներն ալ դու կուզես գունազերծ ընել։ Jacobin ես. կեցցե՜։ Հայր Ստեփանը իր առնելիքը առավ. տարոսը իր նմաններուն։ Զինք հանողներուն միակողմանի ընթացքը գայթակղելէ կը գտնես. կարելի է։ Չգիտեմ ո՜վ էր՝ ինծի այսպես բացատրություն մը գրած էր իրենց առաջին իտեալը պարզելու համար «ուզեցինք այնպես տեսուչ մը որ մեզ վանքին հետ հաշտ պահե»։ ժպտեցա, չբարկանալու համար։ Դու կը բարկանա՞ս։

...Իմ տեղս՝ Իտալիո հողին վրա՝ Գարտուչչիի հիշատակը համբուրեմ, իր նոր դագաղին վրա այդ տեղի աստղերը եթե արցունք կաթեն, լուսինը իմ աչքս պիտի ըլլա։ Այդ տեղի քամիները լեռներուն մեջ եթե զինքը ողբերգեն՝ իմ տեղս Վեսուվը պիտի երգե։

Մնաս բարով Դերենիկ. ես օրըստօրե տխուր հոռետես մը կը դառնամ, ասոր վրա ավելցուր զգայնական քայքայումս ալ ու ահա սրտիս ավերակը պիտի չափես.

«Սղոցողաց Փողոցին մեջ մեն ամիս
Կը սղոցեմ հեշտանքես ճյուղ մը կանաչ.
Մատամ Շարլոթ, մատամ Հրագել, մատամ Միո