Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեր վերջին քննությանց կը մաղթեմ հաջողություն, ես ալ իմիններուս սկսած եմ արդեն լրջորեն պատրաստվիլ։ Արդեն հոգեբանութեան և իմաստասիրութեան մյուս մասերուն հոս կը հաճախեմ։

Ձերդ սիրով
Վարուժան


82. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<5—6 մայիս, 1907, Կանտ>

Վերապատվելի Արիստ․ վարդապետ Քասգանտիլ<յանն>։

Նամակը և ներփակեալ 100 ֆրանք դրամը ստացած եմ իրենց ժամանակին։

Այս տարի գրեթե ամեն տեղ ձմեռը համառեցավ, բայց հոս արդեն հաղթված է․ ան՝ մայիսի առաջին ճառագայթեն վիրավոր, բլուրներեն և ծառերեն ճերմակ վրանները ժողվեց, փախավ։ Կարծես ոչ մեկ տարի արևն այսպես երկիրը չողջագուրեց․ իրենց անսահման համբույրին տակ ակոսները կը սարսռան․ հողն իր կուսությունը կը կորսնցնե և իր մայրենի կողերուն մեջ կը պատրաստե մեր վաղվան արյունը և վաղվան միսը։ Հավերժակա՜ն է բնությունը։ Աստծո մեծությունը անոր մեջ է՝ ոչ մարդուս, քանի որ ան միայն ոչնչե ծնավ, ան միայն եղավ բանաստեղծությունը Աստծո։

Բնnւթյшն գերադասությունը ինձմե ես ստեպ զգացած եմ։ Հոգեկան բոլոր կարողություններս, որոնց մեջ միայն մարդ ազատ կը նկատվի, գերին եղած են անոր անծանոթ ազդակներուն։ Իր զանազան օդերևույթները, զանազան փոփոխությունները, եթե երբեք տեղի ունենան մեկ օրվան մեջ, մեկ օրվան մեջ իրարմե տարբեր կամ իրարու դիպվածորեն համապատասխանող «ես»եր կը սահմանեն․ գուցե ըսած էք թե մեր «ես»ը միշտ մեկ է․ այս ես հարցականի կենթարկեմ, բայց գոնե իր գործելու եղանակներն ու արմատապես փոփոխությունը փորձառապես կզգամ։ Միջավայրի և օդի շփումը ըստ իրենց տարբեր