Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարժարանին հանդիպած այս հարվածը մասամբ մը, գոնե մասամբ, մեջս բաժնած կըլլամ։ Այսպես կուզե սերը, և իմ սերս Մուրատ—Ռափայելյանի հանդեպ իր խորունկ արմատը ունի։

Իսկ ինչ որ կը վերաբերի Սարյանի՝ վերստին միաբանության մեջ ընդունվելուն, կը հիշեք, Ձեզի գրած էի, թե այդ Վանքին քաղաքականության մեծ սխալը պիտի ըլլա։ Այդ մասին հերոսական ընդդիմությունը Վանքին պակսեցավ, և այդ սխալը օր մը ավելի կարկառուն կերպով, հետևանքներով դուրս պիտի ցատկե։

Մխիթար Աբբա ըսած է, կըսեք, ազգս ազգիս համար, կրոնքս՝ կրոնքիս։ Այո, միակ ժամանակն է, որ Միաբանությունը այս բնաբանին առաջին եզրը ի գործ ածե․ ազգս ազգիս համար․ Սարյանը ազգի մը մանուկները շահագործեց, և եթե Մխիթարյանները լռեն, բայց Մխիթարը իր գերեզմանեն կը բողոքե ընդդեմ <Միաբանության>։

Ազգս ազգիս համար։ Մեկ խոսքով՝ Մխիթարյան միաբանության և մասամբ ազգին եղած հարվածը մեծ Է, և այս իմ սիրտս ալ նաև կը խշխշացնե, վասնզի գիտեմ, թե Մխիթարա վառարանին շուրջը դեռ կան շատ ազնիվ հոգիներ։

Գանք իմ մասին․ լուրը, զոր պիտի տամ, գիտեմ, թե Ձեզ պիտի ուրախացնե, քանզի միշտ Ձեր մեջ ինձ համակրող հայր մը գտած եմ։

Քննություններս ամբողջապես տվի ու անցա և ինչ որ բնավ չէի հուսար՝ անցա distinction[1]։ Այս մասին վարժապետներուս բոլոր համակրությունը զիս ուրախությամբ կը լեցնե։

Արդ սնապարծություն չհամարիք, երբ Ձեզ կրկնեմ վարժապետիս մեկուն խոսքը, որ քննություններես վերջն ըսավ․

Mon ami, ce netalt pas une annonce que vous avez donnee c’etait une conference[2]:

Ես կարծեմ անոնց համակրությունը ոևէ արժանիք մունենալուս համար չէ․ այլ հայ եմ անոր համար։

  1. Գերազանց, պատվով
  2. Բարեկամս, այդ մի բանավոր ծանուցում չէր, այլ բանախոսություն։