Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաջողությամբ անցուցի. մեկ երկու օրեն տիպլոմս կը հանձնեն ինձի։ Հաճեցեք փութացնել ճանապարհածախսին մնացած 200 ֆրանքը, որ ամսույս 15-ին ուղարկվիլը կը գրեիք ինձ։

Հոգիս բարերար գոհունակությամբ մը համակված է այն գիտակցությամբ, թե ուժերուս ներածին չափ ընթացքս անցուցի բեղնավոր կերպով՝ ըլլա՛ ճյուղիս, ըլլա՜ գրականության տեսակետով։

Համբուրելով Աջերնիդ

մնամ Ձերդ
Դանիել Վարուժան


90. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

18 օգոստոս, 1907, Օսթաքեր Լուրտ

Դերենիկդ իմ,

«Մենք զիրար շատ սիրեցինք» կըսես․ կը կարծե՞ս, թե՝ պիտի ըլլա օր մը, որ չսիրենք։ Ես իմ զգացումովս համոզված եմ, թե միակն ես դու, նույնիսկ այս վայրկյանիս, որուն ես լիուլի կարենամ վստահիլ իմ հոգեկան բոլոր հույզերս, բոլոր ներսս, բոլոր արցունքներս։ Ո՛վ որ մեր արցունքին հավատարիմ է՝ միայն այն է արժանի սիրվելու, և մենք իրարու այդպես ենք, եղբորմե ավելի սրտակիցներ։ Դարձյալ կըսեմ, Դերենիկդ իմ, միակն ես դու, որուն, առանց նշանախեց մ՛իսկ ստած ըլլալու, կրնամ ըսել՝ կը սիրեմ: Ծնո՜ղքդ, պիտի ըսես, հա՜ ծնողքս, մենք մինչև մեր կյանքին վերջին վայրկյանը մեր ծնողքին անծանոթներ ենք։ Ծնողական և որդիական հարաբերությանց մեջ դեռ իր ստորին աստիճաններուն մեջ կեղծիքը կապրի։ Անկեղծությունն իր բացարձակ մաքրության մեջ երկու սերտ մտերիմներու միջև միայն կրնա գոյանալ։ Բնական է իմ այս ողբալի առանձնությանս մեջ մեր նամակներուն առկախ վիճակը ցավալի էր։ Բայց գիտեի, որ դու ճամբորդության մեջ ես, համբերել հարկ էր։ Պ․ Զարդարյան առաջինն եղավ, որ անուղղակի կերպով ինձ իմացուց քու տեղափոխությունդ։