Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օգնել։ Վերջապես, եթե գտած ես միջոցը՝ գրվե համալսարանին։ Պ․ Պազարճիեն ի՛նչ լուր, հետո Արամեն, հետո այդտեղի ընկերաց հարց հետ ունեցած գործեն։ Հարցումներուս պատասխանը նամակեդ կը հուսամ, բայց, նայե՛ նամակդ երկար ըլլա։ Grosse-ը լավ. այդ մասին դեռ շատ գրքեր կարդա, հետո առ Vasarie, նոթեր հավաքե և Leonardo-ի վրա հոգված մը գրե՝ քանի մը անձնական դատողություններով։ Չգիտես որչափ մեծ է և որչափ խոր այդ նկարիչը։ Դերենիկ, ինծի համար ա՛ռ Ramayana-ին, Mahabharata-ին, Avesta-ին հասցեները փրենց գներով և ղրկե, չմոռնաս․ ուր էր թե քեզի բախտ մը զարներ և հոս քովս գայիր ժամանակ մը, երջանիկ պիտի ըլլայի.

Միշտ քուկդ
Դանիել

Բարևներ ընկերներուն։


98. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

22 նոյեմբեր, 1907, Կանտ

Սիրելի պ. Չոպանյան,

Իտալիայեն երբ վերադարձա, Ձեզ գրեցի քարտ մը․ չգիտեմ, թե նոր հասցես նշանակա՞ծ էի հոն, վասնզի վերջին «Անահիտը» (որուն հրատարակված ըլլալը՝ «Մշակի»՝ անկե մեջ բերած Ձեր մեկ կտորեն կը հետևցնեմ) կը փափաքեի ժամանակին կարդալ։ Ավելորդ է ըսել, թե միակ հայ հանդեսն է, որուն անհամբեր հաճույքով կսպասեմ․ գուցե մեծ մասամբ գեղարվեստական է՝ անոր համար, և կամ Ձեր հոգին հոն ավելի լայն պարզված կը գտնեմ։ Եթե կը հետաքրքրվիք ինծմով՝ լռիկ մնջիկ կաշխատիմ․ հայերե ու կրնամ ըսել մարդերե ալ հեռու-հեռու։ Կյանքին մեջ կը կրեմ, անկե կը ձանձրանամ․ ո՜չ մեկ ժամանակ Պոտլերի տողերը ըմբռնած էի՝ քան հիմա։ (Բայց թողուք․ ուրի՜շ բան կուզեի գրել Ձեզ)։ Այս տարի՝ որչափ որ դասերս ճնշիչ են՝ այնուհանդերձ գրական աշխատություններս