Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չեմ թողած։ Հնդիկները կը կարդամ ու Ավեստան և լմնցնելու վրա եմ վիպերգ մը. օր մը կը ղրկեմ Ձեզի՝ լսելու համար Ձեր մտացի դիտողությունները։ Եթե օր մը հոգիս տիրականորեն Արևելքի երփնագեղ գեղեցկությունն Արևմուտքի մեծության և նրբության հետ շաղվե՝ նպատակիս հասած եմ։ Սիրալիր բարևներս և հարգանքներս

Ձերդ
Դ. Վարուժան


99. ՎԱՐԴԱՆ ՀԱՑՈԻՆՈԻՆ

9 դեկտեմբեր, 1907, Կանտ

Առ Հայր Հացունի,

Դեկտեմբերի թոշակս խորին շնորհակալությամբ ստացած եմ, կը ցավիմ, որ պիտի չկրնամ վիճակացույց մը Ձեզ ուղարկել։

Հոս, համալսարանը վիճակ չեն դներ։ Թե չէ ամենայն սիրով հարգո տեսչության օրինավոր փափաքը կը կատարեի, մանավանդ ատով չեմ տարակուսիր՝ թե ուրախակից պիտի ընեի զինքը այս տարվան քննությանցս հաջող ելքին պատճառավ․.. Եթե այս տարին ալ հաջող անցընեմ՝ վերջին տարին շատ դժվար չէ, կը մնա these մը գրել հետո։ Իհարկե կը ջանամ օր մը աշխատություններուս և եթե Աստված կամենա՝ անոնց պսակման մեկ կարկառուն ապացույցը ներկայացնել Ձեզ։

Մնամ Ձեր
Դ. Վ.


100. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

12 դեկտեմբեր, 1907, Կանտ

Սիրելի պ․ Չոպանյան,

Ծրարներն ստացա իրենց ժամանակին։

Անգամ մը ևս ընդունեցեք խորին շնորհակալություններս։