Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Սարսուռներն» ընդհանրապես շատ քիչ ծախվեցան, թող թե վարձատրվելու համար չեմ աշխատիր։ Քերթվածի մը հղացումեն վերջ հոգիս արդեն ինքզիք շատացած կզգա․ իսկ եթե ժողովուրդը գեթ արտադրումի նյութական աշխատութեանս իբր վարձ՝ չո՜ւզեր աչք մը տալ տողերուս, այն որ կույր չեմ ցավիր։

Քարտիս հետ Ձեր հասցեին կուղարկեմ 5 ֆրանք։ Հուսամ թե վեր վար Ձեր ծախսերը կը գոցե. այլապես՝ համարեցեք աղքատին լուման։ «Վիպերգը», զոր Ձեզի ըսեր էի, տակավին կեսկատար թողացած եմ։ Գլուխս իրավաբանական խնդիրներով այնչա՛փ խռնված որ կսպասեմ Նոր տարվո արձակուրդին հանդարտ ժամերու։

Սիրալիր ողջույններս, ազնիվ բարեկամ։

Ձերդ
Վարուժան


101. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

31 դեկտ., 1907, <Կանտ>

Սիրելի պ․ Չոպանյան,

Վիպերգը վերջացուցի և քարտիս հետը կը ղրկեմ։ Պոլիս եղած ատենս հայաստանցի պատանի մը իր քրոջ մասին սրտաշարժ պատմություն մըրած էր։ Այդ դեպքը «Արմենուհիես» բավական տարբեր էր. բայց ո՜վ կը հուսար, թե երևակայությունե երևակայություն ան զիս պիտի առաջնորդեր քերթվածի մը ամբողջության։ Այսպես եղավ։ Ի՜նչ որ կը վերաբերի պատմական մասին, համակրելի Հայր Անդրիկյան ինծի մատնանիշ ըրած էր նախնյաց գրություններուն մեջ գեղեցիկ դրվագ մը։ Այդ առիթ եղավ ինծի Շահ Աբբասի դեմքին ծանոթանալու։ Եթե դրվագն ամբողջապես առնեի՝ պետք էի նկարագրիլ Շահին՝ հայ կույսերուն հետ ըրած մեկ կերուխումը, ինչ որ գեղեցիկ հակասություն մը գուցե կազմեր հայ աղջկանց նկարագիրներուն