Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես կարծեմ Աստված բան մը կը փընտռեր,
Որ դարման ըլլա ձանձրույթի վերքին։

Արդ Ան շրջեցավ միջոցը մեկեն
Եվ հոն իրմե զատ բան մը չըգըտավ,
էություն մուզեց իր էութենեն.
Իր էությունն իր արձագանքն եղավ։

Հետո դառնալով տըխուր և անոք,
Համըր լըռության և կույր Ոչընչին՝
Ան իրենցմե ի՜նչ մուզեց, և անոնք
Ինքզինքնին տըվին կամ բան չըտըվին։

Երբ անհունն այսպես դատարկ գըտավ Ան
Իր մեջ ըզգաց խոր և դառնագին ցավ,
Ու լըռության վրա և Ոչընչության
Հուսհատութենեն աղեկ մը լացավ։

Վարն իր արցունքներն ուզածը տըվին՝
Ըլլալով մեյմեկ աստղեր երկընքին․
Եվ մարդուս նըման նաև Աստված ալ
Մըխիթարվելու համար ուսավ լալ։

«Արմենուհին» սրբագրած եմ և հանգավոր ըրած եմ․ և որովհետև անգամ մը գրված էր անհանգ այդ բավական դժվար եկավ ինձ․ բայց այդպես իրավնցե շատ սիրուն եղավ կամ ավելի՛ լավ՝ քան առանց հանգի․ վերջերը հինգ-վեց տուն ավելցուցած եմ նաև, զայն ընելով, իմ կարծիքով, վերջնականապես հղկված և կոկիկ վիպերգ մը։ Ֆրանսերեն արձակ քերթված մը գրած եմ դեռ իբրև նոր՝ լոկ ֆրանսերեն սորվելու համար, հոս՝ հերոսի մը արձանին վրա։ Անիծյալ ըլլա ճակատագիրը, որ զիս ստիպած է բոլորովին տարբեր նյութի և աշխատությանց լավագույն ժամանակս զոհել։

«Զարդերու» մասին տակավին գրավաճառներեն լուր առած չեմ․ Զարդարյանի քով կրցա միայն մաս մը զետեղել։ Ազգի համար երբ հասցեներ ստանամ՝ Ձեզ արդեն կը գրեմ։

Ընդունեցեք հարգանքներս և հիացումներս
միշտ սիրով Դ. Վարուժան