Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
<Թարգմանության>

11. ՎԱՆ ԱՐԴԸՎԵԼՏԻ ԱՐՁԱՆԻՆ

Ողջո՜ւյն, դյուցազն։ Հեռու հայրենիքես սգավոր, կուգամ նստիլ, պարտասուն ու տժգույն, պատվանդանիդ վրա նվիրական։

Տե՛ս, ոտքերս կարյունին և կոպերուս վրա կը ծանրանա փոշին ճամբաներուն անջրդի։ Սեփական բույնեն հալածական արծվեձագն եմ ես, որ թևատ կուգա հանգչիլ վահանիդ վրա մթին և երգել փառքդ և ամպրոպները հայրենիքին հեռավոր։

Ողջո՜ւյն, Արդըվելտ։ Ի՜նչ մխիթարանք Է ինծի, որ անծանոթ երկիրներու մեջ դեռ ինձ, կը գտնեմ հերոսներ արի՝ արարածները միակ, որոնց աչքերը մսեղեն կամ բրոնզյա, սրտիս մեջ կը հեղուն միշտ սերն հայրենիքին և բռնակալներ քուն համար՝ թույն։

Ավասիկ ես կը խոնարհիմ առջևդ և լռությանդ ու աչքերուդ գգվանքին խոժոռ փթթումն երազներուս կը հանձնեմ։ Միայն դո՜ւն առանձնությանս մեջ կը հասկնաս զիս․ զավակներդ ստվերս իմ կը կարդան, դո՜ւն խորքն հոգվույս կը սուզվիս։ Միտքդ կը քաղե ամեն ինչ, որ հասուն Է, ակնարկդ կը բեղմնավորե ամեն սերմ։

Եվ ավասիկ կը խոնարհիմ արձանիդ առջև։

Ինչքա՜ն է տաք կուրծքդ։ Արևելքի արեգա՞կն է, որ եղբայրներուս արյունով հոսանուտ, կուգա կյանք տալ պատկերիդ և կերպարանքիդ վրա դյուցազնական արթնցնել էությունդ քու անմահ։ Սե՞րդ է ան՝ բաժանելի և միացնող, որ կը հիշե սիրտդ փակված ընդերկար։