Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

117. <ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ>

<4 — 5 օգոստոս, 1908, Թորին>

<Վերապատվելի Հայր>

Հննություեներս վերջացնելե հետո փափաքեցա Իտալիա անցնել քիչ մը հանգստանալու համար երկնքի մը ներքև, որ մինչ ցարդ կորով և ներշնչում ծորած է միայն երակներուս մեջ․ Վենետիկ անկարելի եղավ անցնել, ուսանողներուն առջև վարժարանը կամ Վանքը պղձե դռներով քրմերու մեհյաններուն նման պատնեշված ըլլալով, ուստի անցյալ տարվան նման դարձյալ տարին անցա իմ սրտակից Դերենիկին քով, որո շուրջը պիտի դառնա այս նամակս։

Սիրելի Հայր, մինչև ցարդ Մուրատ—Ռափայելյանի և Մխիթարյան շրջանակին մեջ անցած խնդիրները, որոնք սերտորեն առնչություն ունեին ազգին սերունդին հետ, զիս շատ հետաքրքրեցին՝ մերթ զայրացնելով մերթ ճմլելով սիրտս։ Բայց ամեն ջանք ըրի անձնական պոռթկումներս զսպել այն ամեն տգեղություններուն, գողություններուն, բոզություններուն և այլանդակ մաքիավելականություններուն առջև, որոնք եկան Մխիթարի և Ալիշանի և Մուրատի շեմը պղծել։ Վանքին մեջ քանի մը առողջ գանկերու վրա միշտ հույս ունեցած եմ և սպասած եմ անոնց ձեռնարկներուն մեջ համոզումներուս հաղթանակը տեսնել ես ինքզինքս նվիրելով միայն դասերուս, զարգացումիս և ողորմելի, բայց մտերիմ Մուսայիս։

Այս բոլորին վրա Ձեզ այսօր պիտի չխոսիմ։ Պիտի առնեմ միայն ամեն անիրավվածներեն զոհ մը միայն, զոհ մը, որուն հոգվույն մաքրության վրա բոլոր առանձնաշնորհյալները պիտի ամչնան։

Խոսքս Դերենիկ Ճիզմեճյանի վրա է։ Այն մաքուր և անկեղծ ուսանողը, զոր այսօր Վանքեն կամ Վանքին միջոցավ Ձեզմե տգեղորեն աքացված է։ Մաքուր և անկեղծ ըսի։ Վեց-յոթ տարվան մտերմությանս մեջ այնքան ճանչցած եմ զինքը և այնքան հիացած իր վրա, որ Ձեր բոլոր, բոլոր, բոլոր ուսանողներուն