Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընեք։ Դուք նախկին քարտուղարն եք Ուսումնական խորհրդին և Դուք պարտական եք նամակս պետք եղած տեղը հանձնելու, որպեսզի ես չստիպվիմ ուրիշ մը գրելու․ ուրիշներու վերքերուն հոտը շատ ախորժելի չէ իմ ռունգերուս։ Եթե գիտնայի, որ Դուք Ձեր պաշտոնին մեջ չեք՝ իհարկե Ձեզի չէի գրեր։ Եթե այս մասին այդչափ բծախնդիր եք՝ լրագիրներու մեջ հրատարակեցեք (!), թե Դուք այլևս քարտուղար չեք, ուրիշներուն գրեր եք եղեր զայդ — եթե մեզի հայտնեն՝ կը լսենք, իսկ եթե չէ՝ ո՞ր մատերնիս պետք է հոտոտենք ատոր համար։ Ձեր պատասխանը տրամաբանական չէ․ անձնավորություն մը մարմնո մը անվամբ կը՝ գործե՝ իր պաշտոնեն ելլելե անմիջապես վերջ կընդունի նամակ մը նույն մարմնույն ներկայացնելու համար. պե՞տք է որ այդ նամակը իր սեփական թղթապանակին մեջ պահե — անշուշտ ո՜չ։ Այլ ստիպյալ է իր հաջորդին հանձնելու, եթե այդ անձը իր գործելակերպերուն մեջ կուզե տրամադրություն դնել և ուրիշի գործերուն մեջ անպատեհություններ չծագեցնել։ Իսկ ինչ որ կը վերաբերի հոս մեր պահանջը ընդունելու կամ չընդունելու՝ ատիկա սատանան գիտե, շնորհակալ ենք Ձեր կարծիքեն։

Դուք ալ ըմբռնած եք այս լույսի պես հայտնի խնդիրք, թե այդ նամակը անձնավորության մը միջոցով Մարմնո մը կուղըղվի, որուն անդամները կրնան միշտ փոխվիլ, բայց իր անունը իր նպատակին վրա հիմնված հիմնադրությունեն սկսյալ մինչև իր վերջնական լուծումը Suite[1] մը կը կազմե — հետնաբար խնդրենք նամակը պետք եղած տեղը հանձնեցեք։ Ես դատի կրնամ կանչել այն ինչ թերթի խմբագիրը, որուն տեղ ուրիշ մը կանցնի և, այդ փոփոխությունը՝ առանց դեռ ծանուցված ըլլալու, ես իրեն իմ բաժնեգինս կը ղրկեմ և ինք հաջորդ խմբագրին չի փոխանցեր այդ գումարը։

Գանք Ձեր նամակին ուրիշ մասերուն։ Դուք կըսեք, թե իմ նամակիս մեջ իրողություններու այլայլությունք կան, բայց ո՞ւր կը կայանա այդ այլայլությունքը, Դուք չեք ըսեր, վասնզի Ձեր արժանապատվությունը կը վախնա այդ տխուր խնդիրներուն մոտենալու։

  1. Շարունակություն, շարք