Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարունակած հարձակողական գաղափարներուն պատճառավ։ Իմ «Կամբաստանեմս» ես եմ, որ կստորագրեմ։ Եվ եթե դեռ հարկ ըլլա պիտի ստորագրեմ այլևս տարբեր կրկեսի մեջ։

Ձերդ բարևներով
<Դ. Վարուժան>


119. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

17 օգոստոս, 1908, Թորին

Սիրելի Հայր,

Արիստ․ վարդապետ Քասգանտիլյան,

Գիտնալով, որ ինծի հանդեպ Դուք մասնավոր սեր մը ունիք, կը դիմեմ Ձեզի ծառայության մը համար, որ շատ մեծ և թանկագին պիտի ըլլա ինծի համար և գուցե ազգին ալ։

Ոչ մեկ հարուստ կը ճանչնամ, որպեսզի կարենամ իր միջոցավ քերթվածներուս հրատարակության ծախքը ապահովել։ Դեռ շնորհքով հատոր մը լույս չեմ ընծայած, և այս բանը վերք մըն է սրտիս, ասիկա ամոթ մը կառթե ինծի ամեն ատեն, որ ասկե անկե ներբող մը կուզեն բանաստեղծական արծանիքի մը, զոր դեռ կատարյալ հատորով մը չեմ ի սպաս դրած հասարակության։

Կը մտածեմ, թե Ձեր սերը զայս պիտի կրնա հաջողցնել և ապահովել. արդ՝ պիտի խնդրեմ, որ Ձեր բոլոր հեղինակավորությամբը դիմեք Խ. Խերիյանին և ինծի տրամադրելի ընել տաք 900 ֆրանքի չափ գումար մը բանաստեղծությանց գրքի մը համար, որ, կը վստահեցնեմ, պատիվ պիտի բերե իր մեկենասի անվան։

Դիմեցեք անձամբ․ որդիական համարձակությամբ Է, որ ասիկա կըսեմ. դիմեցեք անձամբ, և ես ապահով եմ, որ պիտի իրականացնեք խնդրանքս և փափաքս։

Եթե երբեք — այսպեսով — հասարակաց հրապարակին վրա պատճառ ըլլաք մրտենի պսակ մը դնելու Մուսային գլխուն՝