Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հուսամ, թե մեր ձեռքերը, զոր այնքան ազնվորեն միացուց Հայր Մկրտիչ վարդապետ, տևականապես պիտի սեղմեն զիրար բարեկամական և գրական ճամբուն վրա։

Հիշյալ քահանան ի մեջ այլոց ինծի կը գրեր թե կը հրատարակեք «Ամենուն Տարեցույցը» և ինձմե կը փափաքիք ունենալ ոտանավոր մը, լուսանկար մը և կենսագրական ստվերագիծ մը։ Նախ թույլ տվեք շնորհակալությունս հայտնելու Ձեր այդ բաղձանքին, որ ինծի համար պատիվ մ՛է, որուն եթե արժանի ըլլալ չջանայի՝ զայն ընդունելը հավակնություն պիտի ըլլար իմ կողմանես։

Ոտանավորը ահա կը ներփակեմ։ Կուղարկեմ լուսանկարս ալ, զոր «Տարեցույցին» մեջ այն ատեն զետեղեցեք, երբ տվելորդ էջ մը դատարկ մնա։ Համոզված եմ, թե ժողովուրդին ինքզինքնիս հիշատակ տալե առաջ նախ պետք է ինքզինքնիս զոհ տանք, Վահագնի, բագնին վրա՝ թե քնարի, ատիկա նույնն է։ Իսկ իմ քերթվածներս, ո՜վ հեգնություն, երբ անգին Ալիշանի և Աբովյանի պես հանճարներ կաշտարակվին վիթխարիորեն։

Գալով ինքնակենսագրականի մը, զոր կը փափաքիք եղեր՝ ի՞նչ կարող եմ գրել այդ մասին, երբ դեռ բեղնավոր կյանք մը ապրած չեմ։ Այսքանով գոհ կըլլա՞ք, երբ ըսեմ, թե ծնած եմ 1884-ին Սեբաստիո մոտ Բրգնիկ գյուղը, ուր աճած է մանկաթյունս՝ ուռենիներու տխուր հովանիներուն տակ երազկոտ, կամ գետեզերքներուն վրա բագերուն քարեր նետելով անառակորեն։ Դեռ հազիվ ես թիթեռնիկներ որսալու հասակին մեջ, հայրս պանդխտած է Պոլիսե մայրս ձմեռնային երկար երեկոները թոնրատունը նստած՝ երևակայությունս օրորած է ենիչերիներու և գայլերու պատմություններով, երբ Մեյրեգումի հովը կուգար բուխերիկին մեջ մերթ ոռնալ և մերթ դևի ձագի մը նման լալ։

Գյուղին դպրոցը հազիվ սկսած եմ ժամագիրքը կարդալ սորվիլ՝ զիս տարած են Պոլիս 1896-ի Կոտորածի օրերուն, ուր հայրս արյան սարսափին մեջ փնտրելե հուսահատ՝ գտած եմ բանտին մեջ այն տխուր օրերուն ստորեն ամբաստանված։ Երկու տարի հաճախած եմ Սագըզ Աղաճիի Մխիթարյան դպրոցը․ հետո Քաղկեդոնի վարժարանը, ուր երկար ատեն