Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատանեկությունս երազած է ընդմեջ Մոտայի ծովակին և Դուրյանի ոսկրներուն՝ Սկյուտար։ Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար խանը՝ հայ պանդուխտներուն հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր։

Հայր Արիստ․ Քասգանտիլյան, որ նույն ատեն տեսուչ եղած է Քաղկեդոնի վարժարանին, առաջնորդած է մանկական նախափորձերս՝ սրբագրելով սիրահարական ոտանավորներս և հետո (1902-ին) ուղարկած է զիս Վենետիկ, Մուրատ—Ռափայելյան՝ բարևելու համար իր տեղը Ալիշանի նվիրական աճյունը։ Մ․ Ռափայելյանի մեջ է, որ ճանչցած եմ հեղափոխության ոգին, կարդալով Ժ․ Ժ․ Ռուսոն, Թոլստոն և «Դրոշակը»՝ հազարումեկ դժվարությամբ։ Եվ հիմա ահավասիկ երեք տարի է Պելճիքա Կանտի համալսարանն եմ և կուսանիմ «Քաղաքական և ընկերական գիտությունները»։

«Սարսուռները» գրված են Վենետիկ, իսկ հայրենասիրական ոտանավորներս՝ ուսանողությանս մեջ, որոնք տակավին չկրցա ամբողջական հատորով մը հրատարակել․ անոնց մեծամասնությունը կարելի է գտնել «Բազմավեպի», «Անահիտի», «Շիրակի», «Ռազմիկի» և «Հայրենիքի» մեջ ցիրուցան լույս տեսած։

Երկու միջավայր ազդած են վրաս․ Վենետիկը իր Թիցիանով և Ֆլանտրը իր Վան-Տեքներով։ Առջինին դույները և վերջնույն բարբարոս իրապաշտությունը հորինած են վրձինս, զոր սնափառությունն ունիմ թաթխած ըլլալու միմիայն հայրենի հողին որդան կարմիրին մեջ և ծովածուփ արյանը։ Իսկ բաղձանքս, եթե կուզեք, բաղձանքս է ապագային մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջա։

Ահա ի՞նչ որ համառոտ կերպով կարելի էր ըսել։

Ընդունեցեք հարգանքներս
Դանինլ Վարուժան