Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

123. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

<7 — 10 նոյեմբեր, 1908, Կանտ>

Սիրելի Հայր

(Գերապատիվ Հովհ․ վարդ․ Թորոսյան),

Նամակնիդ ընդունած եմ․ բոլորովին ավելորդ տեղը գրված էր անոր մեջ․ կամ պետք էիք մեկ ամսվան ապրուստս ուղարկելու հույս տալ կամ դրել, որ Վենետիկ գամ և անկե մեկնիմ Պոլիս․ ուրիշ ոևէ ելք չկա։ Բայց Դուք կանոնի անունով կը խոսիք, «Ձեր կամքին հակառակն» էր միայն մխիթարական է և միմիայն մխիթարական։

Ես բնավ մտքես չէի անցըներ, որ կանոնով գլխուս այս խաղը խաղցվեր, գեթ իմ տեղս եղող ոևէ մեկը այսպես պիտի մտածեր։

Կը գրեք. «Ուսանողական կյանքի ամենեն կնճռոտ հարցն է դրամականը. ատով կը տառապիք Դուք ալ, մենք ալ»: Ուր էր թե ես միայն տառապեի․ բայց այդպես չէ, այլ օրը օրին ապրողի մը համար անկարելի է ապրել նույնիսկ: Իսկ Դո՞ւք — այդ մասին ես կը խորհիմ, թե տեսուչներեն ո՛չ ոք այնքան դրամ չունենալուն վրա ողբացած է, որքան Հայր Ստեփանը, և Հայր Ստեփանն էր որ գրպանները պարարտեցուցած դուրս ելավ վարժարանեն։ Այս ըսելով՝ իր հաջորդներուն վրա կասկած չէ, որ կը սնուցանեմ, loin de la[1] — բայց այս կստիպե, որ այդ տեսակ լալոններու առջև ականջներս խցեմ և շա՛տ իրավացի կերպով։ Թող թե նախընթաց երկու տարիներուն՝ վարժարանը իր ճգնաժամին մեջ գտնված պահուն իսկ, կանոնավոր կերպով (և հոս է միայն ճշմարիտ կանոնը), կանոնավոր կերպով ամսաթոշակս ուղարկած է։ Եվ հիմա է, որ 100 ֆրանք կը զլանա։ Ամո՜թ է ասիկա, երբ այդ 100 ֆրանքը ինծի համար կենսական է։ Կը գրեք․ «Ուսանողաց անձնաժողով մը կա, որուն կիյնա որոշել համալսարանական ուսանողաց պատկանող ո՛ևէ խնդիր, — կանոնադրություն մը կա, որ կը ճշդե ուսանողաց արվելիք տարեթոշակին քանակն ու ժամանակը»։

  1. Քավ լիցի