Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պառկի։ Ծիծաղելի է այս, և ինծի համար «Վշտի ծիծաղ մ՛է» այս։

Արդ, համոզվա՞ծ եք մանրամասն բացատրած անել կացությանս և մտքերուս վրա, եթե համոզված եք, ինչո՞ւ համար, սիրելի Հայր, այդպես դյուրին կերպով ձեռքերնիդ կը լվաք, մեջեն կելլեք․ համոզվա՞ծ եք այդպիսի կանոնի մը ապօրինությանը, եթե համոզված եք ինչպես անոր գործադիր «իշխանությունը» կստանձնեք։ Չէ՞ որ խիզախ մեկը կամ իր հովանիին ներքև պիտի չթույլատրե կանոնի անունով գործված այդպես անտեղություններ և կամ գրիչը կաղամարին պիտի դնե և իր պաշտոնատեղիեն դուրս ելլե։

Ներեցեք — այսպես համարձակ կը գրեմ, վասնզի ուրիշ տեսակ գրել վարժված չեմ։

Ես ոչ հանձնաժողով կը ճանչնամ և ոչ այդպես կանոն, ինծի ոչ ոք մինչև հիմա այդկերպ մարմին մը կամ անտեղի օրենք մը ճանչցուցած է, և արդեն ատոր ալ հարկ չկար։

Ամեն օրենք անոր հպատակողին պետքին և հոգեբանության համաձայն կը դրվի։ Ուստի, ինծի համար այդ օրենքը շեղածի պես է։ Եվ մինչև ցարդ ճանչցած եմ տեսուչ մը և կը ճանչնամ տեսուչ մը՝ մինչև ընթացքիս ավարտումը։

Բայց այսօր կը լսեմ ալ հանձնաժողով մը եկեր է եղեր իր նոր կանոնովը։ Հանձնաժողովը ինծի դեռ չճանչցուցին․ հարկ ալ չկա, երբ իր կանոնը իր ապօրինության մեջ զինքը կանխեց։

Կը գրեք․ «Փափաքելով միշտ լսել հաջողություննիդ»․ եթե այս ոճով երթանք, դժբախտաբար այլևս պիտի չլսեք հաջողություններս։ Համալսարանի դասերուն չեմ գրված․ կը նախընտրեմ անոթի չմեռնիլ, քան թե հաճախել համալսարանը։ Եթե Ձեր և Ձեր շուրջիններուն դեռ բարի կամեցողության և ուղիղ ու արդար դատողության վրա համոզված չըլլայի, համալսարանի իբր տուրք ստացած 200 ֆրանքովս ուղղակի պիտի գայի Վենետիկ։

Թևերս ծալած կսպասե՜մ։ Համալսարան հաճախել անկարելի է։ Մտատանջությունը կարգիլե ուրիշ բանով զբաղիլ։