Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ողջույն մը, զոր կը հանձնեմ դեպի Մասիս ճամբորդող ճերմակ արծվի մը հզոր թևերուն։

Ընդունեցա երկու Տարեցույցներն ալ։

Շնորհակալ եմ հասուն Հույսի այդ ջուխտակ տարիներուն համար, զոր աղնվորեն ինծի կը վերադարձներ Անցյալի ժայռափեռիկ անդունդեն։ Կրնայի՞ք կասկածիլ գնահատումիս վրա։ Ձեր ճաշակին գիտակցությունը պետք էիք ունենալ։ Աչքե անցուցի։ Կարդացի շատ կտորներ՝ ուշի ուշով և զանոնք գտա կատարյալ, որ է՝ իրավցնե ամենուն համար։ Գովելի է անոնց Համայնագիտական պարունակությունը: Եթե մեկը տարին այդչափ բան սորվի՝ արդեն բավական է։ Եթե հեղինակության մը ունենայի՝ մանավանդ զանոնք պիտի հանձնարարեի բոլոր այն արտասահման ապաստանած հայերուն, որոնք, պարագաներու բերմամբ թե կամովին, անհաղորդ մնացած են Պոլսո գրական շարժման և կը փափաքին գաղափար մը կազմել այդ շարժման վրա։ Ձեր Տարեցույցները, իբրև ծաղկաքաղ, այդ գաղափարը պիտի տան համառոա կերպով։

Անոնց մեջ հանդիպեցա Ձեր գրչով գրված կտորներու։ Գողտրիկ բառովն է, որ Ձեր գրությունները կրնամ միայն առջի նայվածքով հատկանշել։ Հայերենի ճոխություննիդ ևս սիրելի է ինծի։ Ո՜րչափ պիտի փափաքեի հայ գրագետի մը հետ մեր հայրենիքին լեզվով խոսիլ։ Հյուսիսի այս մշուշոտ երկրին վրա այդ կարոտը զիս խիստ կը տառապեցնե։ Ո՛չ մեկ հայ կա հոս, որ շնորհքով հայերեն գիտնա: Ահա ի՜նչ որ մարդուս բռունցքը սեղմել կուտա: Մուսա՛ն — պիտի ըսեք գուցե, — բայց Մուսան երգել միայն գիտե, և ես երգող խոսակցությունը չեմ սիրեր...

Չձանձրացնեմ զՁեզ:

Հարգանքներս Ձեր ազնիվ գրագետ տիկնոջ և բոլոր այն Մուսալի որդիներուն, որ կը հիշեն իրենց կրտսեր եղբայրը։

Ընդունեցեք սիրալիր ողջույններս

Միշտ Ձերդ
Դանիել Վարուժան