Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կռիվը «Ազդակի» նշանաբանը տեսնելու հրճվանքն ունիմ։ Գեղարվեստին ծագումը կսկսի զենքերու դրվագումով։ Եվ ա՞յդ արդեն մեծ արվեստն է․ մինչև իր հաղթանակը, որ մարդ էակին հաղթանակն է նաև, անիկա այդպես պիտի ըլլա՝ ընդհարել և հղկել։ Հայ ժողովուրդը՝ հերոս, ստրուկ, նահատակ, դեռ նոր ելած առաջի կրկեսեն, արյունոտ է, քրտնաթոր և տապահեղձ ու հոգևին ծարավն ունի իր մեջ։ Լույսի կուժը անհրաժեշտ է մոտեցնել իր շրթունքներուն, կուժ մը, որ մաքուր և ազատաօդ աղբյուրներու մեջ միայն մխրճված ըլլա։ Մինչդեռ այսօրվան Պոլսո գրական խառնիճաղանջին մեջ ոչ թե մաքուր ըմպելին, այլ պղտոր և կեղծված օշարակն է, որ կը պատրաստվի։ Սխալ է կարծել, թե մեր թրքահայ գրականությունը վերածնած ըլլա. մաշած անիվն է, որ կը դառնա ու կը դառնա ներկայիս այս տարբերությամբ, որ իր ճռճռոցին եղանակը փոխված է․․․ Գուցե այդ ալ իր օթեկության պատճառավ։ Կարելի ալ չէ հանցանքը իրեն վերագրել։ Հանցանքը հայուն ճակատագիրն է։ Ասկե՛ վերջ միայն ճշմարիտ արվեստ մը պիտի ծնանիմ հայկական դրոշմով և համամարդկային գաղափարներու ուղևծուծով։ Պ․ Քիյար լավ կը շեշտե զայդ իր հայ երիտասարդության գրած հոդվածով։

Եվ ես կը հավատամ և կը հավատամ գիտակցապես, թե «Ազդակը» ատոր ազդանշանը պիտի ըլլա՝ քայլ առ քայլ դիմելով դեպի կուռ գրականություն մը և ազատական, ընկերական հարցերու վերլուծողություն մը։

Ազնի՞վ ընկերներ, արդեն գեղեցկին և ճշմարտին դրոշակը ձեր ափին մեջ կը տեսնեմ և ձեր աչքերուն մեջ կը կարդամ խիզախ չափչփումը հաղթանակի լեռնալանջին։ Հառա՜ջ։

Իսկ իմ մասին՝ ես ուրախ պիտի ըլլամ, եթե կարողանամ գոնե այդ դրոշին մեկ ծոպը վեր բռնել և ի հարկին սրբել անով թշվառի մը արտասվախառն քրտինքը։

Դ. Վարուժան

Հ․ Գ․ — Առայժմ մտքիս <գավին> նոփնոր գրություն մը չունիմ։ Համալսարանական աշխատանքներս ժամանակս կը