Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

133. ԹԵՈԴԻԿԻՆ

2 ապրիլ, 1909, Կանտ

․․․Հիմա նոր հատոր մը պատրաստելու ձեռնարկած եմ զուտ ապրված կյանքե, քիչ մը ավելի վերլուծող, ավելի խորիմաստ և հոգեբանական երգերով։ Հայրենասիրականներուս խմորը ավյունովս և զուտ կրակով շաղված եմ ան՝ ժողովուրդին զանգվածին համար եղավ․ massa-ին ուզեցի խոսիլ։ Այս պատրաստելիք նոր հատորս կուզեմ, որ հոգվույս մտերիմ հույզերը բացատրե․ սրտի ծյուրումը, ջիղերու կծկումը, ինծի իսկ անծանոթ տրտում փղձկումները և այն կապարաթույր ձանձրույթը, որ սիրո ժամերուն մեջ, ժամանակը սպաննել ուզելով զայն ավելի կը սնուցանե, և այն հուսահատությունը, որ իմ գոյությունս իսկ ստեպ ինծի ծաղրելի կը դարձնե։ Այս բոլոր հույզերը, զոր կերևակայեմ, թե ամեն դյուրազգած մարդ էակ ունեցած պիտի ըլլա, պիտի կազմեն մեկ կարևոր մասը այդ հատորին։ Ա՜հ, որքան պիտի ուզեի Մարդ էակին գիրք գրել։ Տարեցույցիդ համար ներփակած քերթվածս՝ «Լքում», զոր ունեցածներուս մեջեն հրեայի մը պես խծբծորեն ընտրեցի՝ մեկն է այդ տեսակ մտերիմ երգերեն։ Գուցե նկատես — կամ լավ ևս՝ պիտի բաղձայի, որ նկատես — թե անոր մեջ չեմ կրցեր դեռ ճարտար կերպով նկարել հույզերուս դժնեությունը․ ասկե՝ վերջ պիտի սկսիմ ինքզինքս ճանչնամ։ Հայրենիքը զմեզ մեր անձեն խիստ հեռացուցած է։ Պետք է մեր սրտին նշխարները, որոնք երեք միլիոն ժողովրդին մեջ բաժնված են, հավաքել, կեդրոնացնել մեկ կուրծքի տակ, և զգալ իր սեփական Կյանքը, գոնե նվազ ժամանակվան մը համար՝ ի սե՜ր Արվեստին, ի սե՜ր Կյանքի Երգին։

Քույդ Դ. Վ.