Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես կը մեկնիմ Պոլիս և անկե հայրենիք՝ դեպի պայքարը կյանքին և գաղափարի հաղթանակին։ Առ այս՝ հուսամ, թե չեք հապաղիր ուղարկիլ հանձնարարել առաջիկա ամսաթոշակիս հետ նաև ճանապարհի ծախս, որպեսզի փոխադրեմ գրքերուս օրեօր ծանրացած բեռը և ես ալ ճամբա ելլեմ անմիջապես։ Եթե ուղարկվի ինծի իբրև ճանապարհածախս տարեշրջանիս վերջին երեք ամիսներուն (օգոստս․, սեպտ., հոկտ․,) 300 ֆրանքը՝ հուսով եմ, թե բավական պիտի որպեսզի հատուցանեմ քանի մը պարտքերս, հոգամ կարևոր պետքերս և ի վիճակի ըլլամ ուղի ելնալու։

Ներեցեք այսպես կարճ և չոր գրելուս. միտքս հափշտակված է դասերես, որոնք նույնիսկ հոգիես կը վանին մոտ օրեն Հայրենիքի հողը համբուրելուս անուշ երազները նաև։

Հարգանքներով միշտ խոնարհ
Ձերդ Դ. Վարուժան


140. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

25 հուլիս, 1909, Կանտ

Սիրեցյալ բարեկամ,

Կը փութամ հաղորդակից ընել Ձեզ, իբրև մին ամենասիրելի բարեկամներես, զգացած գոհունակությանս (չըսեմ հրճվանքիս), զոր վերջին քննությանցս հաջողությունը ինծի առթեց։ Ուսանողական կյանքս վերջացավ, առի տիպլոմս Licencie en sciences politiques[1] տիտղոսով։ Կը թողում ասպնջական Ֆլանտրան վաղը (երկուշարթի) ու կանցնիմ Վենետիկ, հետո՝ Պոլիս և հետո՝ Բրգնիկ, Սեբաստիայի Սև հողերուն վրա՝ թողելու դրոշմը պանդխտական ոտքերուս։ Դեռ չեմ կարող որոշ ըմբռնել, թե Եվրոպան ի՜նչ հետքեր թողած է ըղեղիս և վարվելակերպերուս վրա։ Արևելքի հետ մոտալուտ շփումս պիտի հայտնե թե ի՜նչ բան Արևմտյան կա մեջս և թե

  1. Լիցենիատ (թեկնածու) քաղաքական գիտությունների։