Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

143. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

27 հուլիս <9 օգոստոս>, 1909, <Կ. Պոլիս>

Սիրելի Գառնիկ,

Հուսամ, թե քարտս քեզ Աղեքսանդրիա պիտի գտնե։ Ես ապահով հասա. բայց ոչ մեկ հույսերս իրականացան, քան զի <1 անընթ.> սկսած եմ բեռ ըլլալ։

Գառնիկ, եթե ապահով հասած ես տեղդ, փութացուր․ արդեն իմ գրելս ավելորդ է, երբ գիտեմ նկարագիրդ, որ հակառակն է Զամարի նկարագրին։ Նավը մեկ-երկու հոգի եկած էին։ Հաջող պահու մը կսպասեմ՝ գրագետները այցելելու համար, վասնզի երկու օր է տկարություն մը կա վրաս և ստիպված եմ տանը (խրճիթը որ է ըսել) մնալ, կարծեմ օդի փոփոխությունն է, որ մեջս ջերմին <1 անընթ.> կը պատրաստե։

Ինչ որ է, դեռ քեզ երկար կը գրեմ այցելություններես վերջ և հլը խոսիմ մեր գրագետներուն վրա։ Նշանը քեզ կը բարևե։

Հասցես Երանոսինն է։ Գառնիկ փութա՛․..

Միշտ սիրով՝
Դ. Վարուժան


144. ՆՇԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

12 սեպտ., 1909, Բրգնիկ

Սիրելի Նշան,

Որչա՜փ տխրեցա մնաս բարովի վերջին համբույրս չկրնալ տալու համար։ Քաջառողջ հասած եմ տեղս։ Զգացած ուրախություններս, հայրենիի հողին առթած բերկրանքը անկարելի է մելանով գրել և սրտիդ մեջ հոսեցնել։ Սեբաստիո երիտասարդությունը լավ ընդունելություն ըրավ ինձ։ Անպատճառ իրենց մեջ պաշտոնի մը կուզեն տեսնել զիս․ այս մասին, թող թե դեռ կը գրեմ քեզ։ Այժմ՝ ցտեսություն։ Բարևներս չմոռնաս ազնիվ մայրիկին, նույնքան ազնիվ օրիորդ Բրաբիոնին և պարոն Նոյիկին և Պատրիկին և նորօրինակ Նորայրին