Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայսերըյ», զոր «Ազատամարտ» իր այս տարվան Ամանորի բացառիկին մեջ հրատարակեց։

Ընդունեցե՛ք սիրալիր բարևներս Ձեզ և Ձեր Մուսային։

<Դ. Վարուժան>


1912

173. ԹԵՈԴԻԿԻՆ

<Հունվարի սկիզբ, 1912>, Թոգաթ

Սպասեցի որ լրացնեմ «Տարեցույցիդ» և «Կաղանդիդ» ընթերցումը։ Եվ որչա՜փ դժվար է կարդալ հոս՝ գավառի մեջ, իմ այս հոգնեցուցիչ կյանքովս։ Մտքի հաճույք չկա այս տեղ, ըղեղի կատարյալ բզքտում է, երբ մարդ ստիպված է գոտեմարտիլ ետ մնացած երկրի մը բյուրաձև կամ, լավ ևս, տձև խավարին հետ։ Բայց սքանչելի էին քու էջերդ «Կաղանդին» մեջ իրապաշտ, աշխարհիկ, դիտված, ապրված։ Կյանքն է անոր մեջ՝ սրտովդ լուսանկարված, հետո զգացումիդ ներկերովը երփնազարդված։ Իսկ անոնց լեզո՞ւն․ ինչպե՛ս որակեմ, այնքա՞ն ինքնատիպ է, մեկ խոսքով՝ կարելի է ըսել միայն․․․ Թեոդիկի լեզու. մե՞կ տողեն իսկ կարելի է ճանչնալ զայն՝ ի՛նչ տեսակ գրչով կամ մելանով ալ գրված ըլլա։ Հետո «Տարեցույցդ»՝ անգամ մը ևս վերածնած իր գեղեցկության մեջ։ Շտեմարան մը, ուր առած և հավաքած ես տասանորդը հայ մտքին միամյա արտադրությանց, ավելցնելով միշտ քեզմե բան մը՝ ճաշակիդ խղճմտաանքը, եթե կարելի է այսպես բացատրել։

Դանիել Վարուժան


174. ԲԱՑ ՆԱՄԱԿ

ընկեր Մ..․ին

12 մարտ, 1912, Թոգաթ

Սերովդ բաբախուն և սրտիդ արյունովը կարմիր նամակներդ ստանալն վերջ անակնկալ մը եղավ վերջին երկտողդ,